«Գործընկերները մեզ ասում են, որ ընդունելով գործակալների մասին օրենքը՝ մենք կկորցնենք կարգավիճակ ստանալու հնարավորությունը, մենք խորհրդարանի նախագահին ասացինք, որ պատմական պահ է, և իրենք պատասխան կտան պատմությանը՝ կա՛մ մեզ օգնում են մտնել Եվրամիություն, կա՛մ կոչնչացնեն երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ազգային պլատֆորմի» ներկայացուցիչ Լաշա Տուղուշին՝ խորհրդարանի նախագահի և պլատֆորմի անդամների հանդիպումից հետո անդրադառնալով խորհրդարանում գործակալների գրանցման վերաբերյալ նախաձեռնված օրինագծերին։
Տուղուշիի խոսքով, հանդիպմանն իրենք բավականին բարդ զրույց ու բանավեճ են ունեցել: Ըստ նրա՝ նման օրենք ոչ միայն չպետք է ընդունվի, այլև նույնիսկ առաջին ընթերցմամբ դիտարկելը վնասակար կլինի երկրի համար և կարող է ստեղծել անհաղթահարելի խնդիր։
«Մեր դիրքորոշումն այն էր, որ այդ օրենքները պետք է հանվեն խորհրդարանից, քանի որ դրանց առաջին ընթերցմամբ քննարկումը կվնասի երկրին. մեծ է հավանականությունը, որ դա կարող է անհաղթահարելի խնդիր ստեղծել Վրաստանի թեկնածուի կարգավիճակի հետ կապված։
Մենք խոսեցինք նաև այն մասին, թե դա ինչպես կվնասի երկրին ժողովրդավարական զարգացման առումով, քանի որ քաղաքացիական սեկտորին և լրատվամիջոցներին չես կարող օտար երկրի գործակալ համարել և պիտակավորել, քանի որ նրանք շատ կարևոր քաղաքացիական կամ պետական գործառույթներ են կատարում և շատ լավ են կատարում»,- ասել է Տուղուշին:
Ի դեպ, խորհրդարանի նախագահը հանդիպել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերի քննարկման նպատակով։ Հանդիպումը տևել է երեք ժամից ավելի։
Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի