ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են Աբխազիայի ընտրական օրենսդրության փոփոխությունները, որոնք ուղղված են ռուսաց լեզվի նկատմամբ խտրականությանը։ Տեղեկությունը տարածում է ռուսական «Ինտերֆաքսը»։
«Մեզ անհանգստացնում է այն փոփոխությունը, ըստ որի օրինագիծ է մշակվում աբխազերենին պաշտոնապես աջակցելու, բայց իրականում ռուսերենի նկատմամբ խտրականություն մտցնելու համար», — Մոսկվայում պաշտոնական հանդիպման ժամանակ Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբային ասել է Կալաշնիկովը:
Խոսքը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում պատգամավորների ընտրությունների վերաբերյալ օրենսդրության փոփոխության մասին է, որը նախատեսում է թեկնածուի աբխազերենի իմացություն։
«Հաշվի առնելով ռուսաց լեզվի կարգավիճակը՝ նման նախաձեռնությունները նպաստում են էթնիկ խմբերի միջև կոնֆլիկտի սրմանը», — ասել է Կալաշնիկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է նման մոտեցումը բարդացնել իրավիճակը։
Տեղեկատվության համաձայն՝ Կալաշնիկովը Արձինբային ասել է նաև, որ Աբխազիայի խորհրդարանը պետք է ակտիվացնի աշխատանքը օտարերկրյա լրտեսների մասին օրենսդրության ընդունման ուղղությամբ և կիսի Ռուսաստանի օրենսդրական փորձն այդ հարցում։
Այս հարցի վերաբերյալ աբխազական կողմից արձագանքներ դեռ չկան։
Հիշեցնենք՝ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ, որից հետո երկու երկրների հետ ստորագրել է պայմանագրեր։