Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության միջնորդությունը և եվրոպամետ ցույցերում «բռնությունների գործով» բերման ենթարկաված 8 անձանց որպես խափանման միջոց է ընդունել կալանավորումը: Որոշումն ընդունել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն:
Դատախազությունը ցանկանում է նրանց դատել խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով։ Փաստաբանները նշում են, որ բերման ենթարկվածներն անմեղ են, գործում չկա որևէ ապացույց, որը կհաստատի նրանց առաջադրված արարքը։
Դատավորի խոսքով, ինքն առաջնորդվել է հիմնավոր կասկածի չափանիշով, որ կատարվել է խմբակային բռնություն, կազմակերպում և դրան մասնակցություն։
- Երեք բերման ենթարկվածի (Զվիադ Ցեցխլաձեին, Վեփխիա Կասրաձեին և Վասիլ Կաձելաշվիլիին) սպառնում է 6-9 տարվա ազատազրկում. նրանք մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու մեջ:
- Հինգ բերման ենթարկվածի (Իրակլի Միմինոշվիլի, Ինսափ Ալիև, Թոռնիկե Գոշաձե և Նիկոլոզ Ջավախիշվիլի) սպառնում է 4-6 տարվա ազատազրկում. նրանք մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու մեջ։
«Վրացական երազանք» կուսակցության որոշման պատճառով Վրաստանում արդեն 9-րդ օրն է բողոքի ակցիաները չեն դադարում: Իշխող ուժը որոշել է մինչև 2028 թվականի վերջըն օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը՝ հրաժարվելով նաև ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։