Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, քաղաքապետարանը կվերանորոգի քաղաքի կենտրոնական թաղամասներից մեկում գտնվող «Լագունա Վերե» լողի համալիրը։
Կալաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսկացության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին և «Քարթու» բարեգործական հիմնադրամին՝ «Լագունա Վերե»-ն քաղաքապետարանին փոխանցելու համար։
Քաղաքապետը խոսել է նաև «Մետաքսի գործարան»-ի տարածքի մասին, որտեղ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բարեգործական կազմակերպությունը նախատեսում է բազմաֆունկցիոնալ երկնաքերեր կառուցել։
«Ինչ վերաբերում է մնացած տարածքին, ապա այստեղ կանգնած է մետաքսի գործարանի հին շենքը, որը, թեև մշակութային ժառանգության հուշարձան չէ, այնուամենայնիվ, Թբիլիսիին մի տեսակ պատմական պատկեր է հաղորդում, ուստի այս գործոնը հաշվի է առնվել երկնաքերեի պլանավորման ժամանակ. շենքը ոչ միայն կպահպանվի, այլև կզուգակցվի նախատեսված զարգացման հետ…»,- ասել է քաղաքապետը։
Ի դեպ, որեր առաջ, երբ լրատվամիջոցներին հետաքրքրում էր «Մետաքսի գործարան»-ի տարածքում երկնաքերեր կառուցելու հարցը, Թբիլիսիի քաղաքապետն ասել էր, որ այն իրականացվելու է նորն ու հինը համադրելով։
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում է 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին «Մետաքսի գործարան»-ի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։
Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին»:
«Քաղաքաշինության ինստիտուտ» կազմակերպությունն արձագանքել է «Լագունա Վերե»-ի շրջակայքում նախատեսված շինարարությանը։ Նրանց կարծիքով, նախագիծը տարածքի համար անհամապատասխան է, ավելին՝ Թբիլիսիում դժվար է գտնել այնպիսի վայր, որը կարող է հարմար լինել այս մասշտաբի և բարձրության կառուցման համար:
Ըստ հայտի՝ պատվիրատու «Կոստավաս 69» ՍՊԸ-ն քաղաքապետարանից պահանջում է համաձայնություն տալ այդ տարածքի զարգացման կարգավորման ծրագրի պլանավորման հանձնարարականին։ Մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո, հավանություն ստանալու դեպքում ընկերությանը հնարավորություն կտրվի քաղաքի կենտրոնում կառուցելու երկու աշտարակ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։ Նախագծային առաջարկով համալիրի հարկերի նվազագույն թիվը 1 է, իսկ առավելագույնը՝ 65։ Շինարարության մակերեսը՝ 33 հազար 500 քմ։ Նախագիծը ներառում է կոմերցիոն գրասենյակային, բնակելի և օժանդակ տարածքներ։
Ի դեպ, «Կոստավաս 69» ընկերության տնօրենը Կախա Կոբիաշվիլիի ազգական Բիձինա Իվանիշվիլին է, իսկ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը «Քարթու» հիմնադրամն է։
Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին. 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի