Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ինքը կողջունի, եթե Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվի վիզային ռեժիմը, և վերականգնվի Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը։
«Գիտեք, որ ամեն ինչ արվել է միակողմանի, մեր երկրի ու մեր ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, մուտքի արտոնագրեր են մտցվել, ուղիղ չվերթերն արգելվել են։ Եթե նրանք կայացնեն այդ որոշումը, դա իրենց գործն է, և իրենք պետք է կայացնեն այդ որոշումը»,- ասել է Կալաձեն։
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթերը չեղարկել է 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չէր ընդունվել, ինչին հետևել էին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի ուղիղ թռիչքների հնարավոր վերականգնման մասին։