Իշխող կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այլևս գումար չի պահում իտալական ու շվեյցարական բանկերում։ Լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել է, որ այլևս չի վստահում եվրոպական բանկերին։
Տարիներ շարունակ նա իր հայտարարագրերում նշել է, որ եվրոներ և դոլարներ ունի իտալական Intesa Sanpaolo-ում և շվեյցարական Julius Baer-ում։
2022 թվականին նա Intesa Sanpaolo-ում իր հաշվին ուներ 4 մլն 200 հազար դոլար, իսկ Julius Baer-ում՝ 3 մլն 672 հազար 375 եվրո և 765 հազար 000 դոլար։
2023 թվականի հայտարարագրում նա այլևս չի գրանցել բանկային հաշվի առկայությունը Julius Baer-ում, իսկ 2024 թվականին՝ Intesa Sanpaolo-ի հաշվին։
Վերջին՝ 2024 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ 4,2 միլիոն եվրո, ճիշտ այն գումարը, որպես փոխառություն է տրվել մեկ այլ անձի 2023 թվականի մարտի 6-ին։ 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ 870 հազար դոլար փոխառություն է տվել ֆիզիկական անձին։
«Նշանակություն չունի, իրենք (նկատի ունի Արևմուտքի և ԱՄՆ-ի պատժամիջեցները, խմբ․) ինչ-որ մեկի նկատմամաբ պատժամիջոց կկիրառեն, թե ոչ… նախ տեսեք, թե ինչ վերաբերմունք ունեն Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ինչ են արել նրա հետ։ Նրան թալանել են, իսկ ես ինչո՞ւ վստահեմ արտասահմանյան բանկերին»,- «TV պիրվելի»-ի լրագրողին ասել է Կախա Կալաձեն։
Սեպտեմբերի 29-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը՝ հիմնվելով իր աղբյուրի վրա, հայտնել է, որ Կախա Կալաձեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ենթարկված կառավարության 60 ներկայացուցիչներից մեկն է։