Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, ցանկանում է մայրաքաղաքի քաղաքային ծառայությունների վերակազմավորում իրականացնել։ Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) ընդդիմադիր անդամ Սաբա Բուաձեն հայտնել է, որ այդ հարցի շուրջ քվեարկությունը նախատեսված է վաղը՝ հունվարի 29-ին։
Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Կալաձեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ին հրաման է արձակել վերակազմավորում սկսել գույքի կառավարման, ճարտարապետական ծառայության, տրանսպորտի ու քաղաքաշինության գործակալություններում:
«Այն, որ այս վերակազմավորումը քաղաքական զտում է, հաստատվում է նաև այն փաստով, որ դա չի ուղեկցվում որևէ հիմնավորումով կամ փաստարկով. նշվում է միայն մեկ արտահայտությամբ՝ «համակարգված և արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով», — գրել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կուսակցության անդամ Բուաձեն:
Եթե սակրեբուլոն, որում մեծամասնություն է կազմում «Վրացական երազանք» կուսակցությունը, իր համաձայնությունը տա Թբիլիսիի քաղաքապետին, ապա վերակազմավորման գործընթացը պետք է սկսվի 2025 թվականի փետրվարի 1-ից։
Radiotavisupleba լրատվամիջոցը քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվել է, թե ինչու է վերակազմավորում նախաձեռնվում, քանի հոգու է նախատեսվում կրճատել. քաղաքապետարանից 13:40-ից դրությամբ պատասխան չի եղել:
Նոր ընտրությունների պահանջով եվրոպամետ բողոքի ցույցերը Վրաստանում չեն դադարում 2024 թվականի նոյեմբերի 28-ից, իսկ «Վրացական երազանք» կուսակցությունը ցույցերին զուգահեռ խստացնում է օրենքները՝ սահմանափակելով խոսքի ազատությունը, ավելացնելով տուգանքները և պարզեցնելով աշխատակիցներին հանրային ծառայություններից հեռացնելու գործընթացը։
Այս օրենքների ընդունումից հետո մի շարք մարդիկ արդեն ստացել են պետական ծառայությունից ազատման հրամաններ, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի և արդարադատության նախարարության աշխատակիցներ։