Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մեկնաբանել է վերջին օրերին տաքսիների գների բարձրացումը: Քաղաքապետը խոստացել է կարգավորել տաքսիների գնային քաղաքականությունը, որը փոխվել է ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում։
Տաքսիների վերաբերյալ ընդունված կարգավորումները, որ ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից, արդեն առաջացրել են քաղաքացիների բողոքը։ Վերջիններս նշում են, որ տաքսիների գները բարձրացել են, դրանց թիվը կտրուկ պակասել է:
Անդրադառնալով բողոքներին, Կալաձեն նշել է, որ գների բարձրացումը նոր գործընթացի հետևանքն է, «հետագայում շուկան ամեն ինչ կկարգավորի»:
2019 թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկել է տաքսիների բարեփոխման երկրորդ փուլը։ Բարեփոխումների թվում քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի լինեն։