Կալաձեն անդրադարձել է մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանում ծագած խնդրին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այսօր մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանում որոշակի խնդիրներ են ծագել, որոնք պատճառ են դարձել մարդկանց կուտակումների։ Նա հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի:

Մայրաքաղաքի սակրեբուլոյի նիստում քաղաքապետը ներողություն է խնդրել հանրությունից և նշել, որ պատճառը հնացած ենթակառուցվածքներն են։

«Այսօր «Ախմետելի թատրոն» կայարանում պտտադռնակների հետ կապված որոշ խնդիրներ էին ծագել, ու դրա պատճառով չհաջողվեց համապատասխան թվով ուղեւոր տեղափոխել։ Դրան հետևեցին մարդկանց կուտակումները մետրոյի տարածքից դուրս: Ուզում եմ ներողություն խնդրել համայնքից, խնդիրը հնացած ենթակառուցվածքն է, բայց մենք այստեղ ենք այդ խնդիրը շտկելու համար», — ասել է Կալաձեն:

Նա հայտնել է, որ պտտադռնակների թիվը կավելանա, ինչն ավելի շատ մարդկանց հնարավորություն կընձեռի անցնելու և մտնելու կայարան։