Ախալքալաքից մոտ 19 կմ վրա տարածվում է Կաջո գյուղը։ Այստեղ բնակվող 455 քաղաքացիները հայեր են։ Ինչպես պատմում են գյուղի մեծերը ու փաստում տարբեր աղբյուրներ, գյուղի բնակիչները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից։
Գյուղ մտնելուն պես՝ ձախ կողմի վրա, կնկատենք երկհարկանի մի շենք, որը 1927 թվականին կառուցված ու մինչ այժմ կանգուն դպրոցի շենքն է։ Մինչ դպրոցը բացվելը գյուղում ակտիվ գործել է այսպես կոչված լիկկայանը (լիկվիդացիոն կայան), որի շնորհիվ տեղի բնակիչները կարողացել են կրթվել։ Դպրոցի կառուցումից առաջ՝ այլ տարբերակ չունենալով, դպրոցահասակ երեխաները կրթություն են ստացել հարևան Ալաթուման և Բարալեթ գյուղերի դպրոցներում։
Կաջոյի դպրոցն առանձնանում է բազմաթիվ հաջողություններով, որոնցից են եղել թերթերի տպագրությունները։ Դպրոցում լույս են տեսել «Պատանի ֆիզիկ», «Պատանի մաթեմատիկոս», «Պատանի բնասեր», «Արշավ», «Գրասեր» և այլ թերթեր, որոնք արժանացել են շրջանային «Փարոս» թերթի ուշադրությանը և շահել առաջին կարգի դիպլոմ։
Ինչպես ամենուր, այստեղ էլ են մարդիկ երբեմն լքում իրենց տներն ու բնակություն հաստատում արտերկրում։ Գյուղը տարեց տարի փոքրանում է, այդ իսկ պատճառով դպրոցում կրթություն է ստանում շուրջ 84 աշակերտ, դասավանդում՝ 17 ուսուցիչ։
Գյուղը տվել ու շարունակում է տալ ազգին պիտանի մարդկանց։ Գյուղական ակումբի ու գրադարան բացակայությունը չի խանգարում տեղի երիտասարդներին հաջողության հասնելու ճանապարհին։ Երիտասարդները աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ ու տարբեր ոլորտներում հասած հաջողություններով, այդ հաջողությունները հիմնականում ուսման ու արվեստի մեջ են։
Այս տարվա ապրիլ ամսից գործում է տեղի մանկապարտեզը, որի բացումը մեծ ուրախություն էր բնակիչների՝ հատկապես փոքրիկների համար։ Այժմ Կաջո գյուղից բացի նաև 4 (Սիրկվա, Ալաթուման, Ագանա (Ականա), Բեժանո) գյուղերի երեխաներ հնարավորություն ունեն հաճախել մանկապարտեզ։
Գյուղի կենտրոնական հատվածում կառուցված է բնակիչների համար փոքրիկ հավաքատեղի, որտեղ օրվա ընթացքում հավաքվում են գյուղի մեծերն ու երիտասարդները, քննարկում գյուղում առկա թեմաները, զրուցում նաև խաղում տարբեր խաղեր՝ ինչպիսիք են ավանդական նարդին, դոմինոն և այլն։
Բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է։
Այն, որ գյուղն ունի բազմադարյա պատմություն, վկայում են մի շարք փաստեր, այդ թվում՝ արդեն մոռացության մատնված «ստորգետնյա ամրոցը»։ Ինչպես պատմում են գյուղի մեծահասակները, այն ի սկզբանե կառուցված է եղել պաշտպանության նպատակով։ Պատերազմի տարիներին բնակչությունը թաքնվելով ամրոցում կարողացել է փրկվել։ Ամրոցը ստորգետնյա է և գյուղի կենտրոնական ճանապարհը անցնում է հենց այս ամրոցի վրայով։ Այնտեղ մտնելն ու հետազոտություններ կատարելն էլ ասում են՝ շատ վտանգավոր է, քանի որ ունի դարերի պատմություն և վթարային վիճակում է։
Գյուղի արժեքներից են նաև հինավուրց եկեղեցիները, երկու խոնարհված՝ Սբ. Գևորգ և Սբ. Մինաս, և մեկ նորակառույց՝ Սբ․ Աննա Մարգարե։
Չնայած եկեղեցիների խոնարհված վիճակին, տեղի բնակչությունը շարունակում է այցելել եկեղեցի՝ ինչպես ծիսական, այնպես էլ ոչ ծիսական օրերին։
Սբ․ Գևորգ եկեղեցի
Գյուղամիջում է գտնվում բնակիչներից ավանդված, սրբաշատ քարով կառուցված, միանավ Սբ․ Գևորգ խոնարհված եկեղեցին։
1899թ. դեկտեմբերի 19-ի հուժկու երկրաշարժն ավերեց Ջավախքի տասնյակ գյուղեր և հենց այդ երկրաշարժի ժամանակ էլ եկեղեցին կրել է ամենամեծ վնասը։
Չնայած ավերիչ երկրաշարժին, եկեղեցին կարողացել է որոշ չափով կանգուն մնալ։ Եկեղեցու ներսում պահպանվել են քառակողմ կոթողների և դրանց պատվանդանների բեկորներ, իսկ շուրջը տարածված միջնադարյան գերեզմանոցում՝ երկլեզու արձանագրություն։ Վերջինս, ինչպես հայտնում են բնակիչները, որոշ ժամանակ նաև որպես պահեստ է ծառայել։
Սբ․ Մինաս եկեղեցի
Սբ․Մինաս եկեղեցին նույնպես գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Մինչև 1863թ․ բոլոր տեղերում նշվում էր, որ գյուղը զուրկ է ծխական եկեղեցուց, սակայն 1867 թվականից արդեն նշվում է Սբ․Մինաս եկեղեցին, որը եղել է «քարաշեն, փայտածածկ․․․» և վերակառուցվել է 1896 թվականին։
Վերոնշյալ 1899թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սբ․Մինաս եկեղեցին նույնպես տուժել է։ Ներկա պահին կանգուն է, սակայն քայքայված։
Գյուղի մեծերը հիշում են, որ ծանր տարիներին, երբ ինչ-որ բան հիմնելն ու կառուցելը եղել է շատ դժվար, և գյուղը չի ունեցել հարսանյաց սրահ, բնակիչները հարսանյաց արարողությունները Սբ․Մինաս եկեղեցում են անցկացրել։
Սբ․ Աննա Մարգարե
Վերոնշյալ երկու եկեղեցիներից բացի կա նաև մեկ նորակառույց եկեղեցի, որը Խաչիկ Մարտիրոսյանի շնորհիվ նոր շունչ է ստացել։ Գյուղի նորակառույց եկեղեցին ունի հինավուրց պատմություն, այն եղել է խոնարհված վիճակում, սակայն գյուղի բնակիչ Խաչիկ Մարտիրոսյանը՝ ում տան բակում գտնվում է Սուրբը, կառուցել է եկեղեցի սեփական միջոցներով։ Ասում են՝ Սուրբը կնոջ տեսքով է ու շատ զորավոր, և ի նշան դրա, անվանել են Աննա Մարգարե։
Սակայն գյուղի բնակիչներից մեկը վստահորեն հայտնում է, որ Սուրբը ոչ թե կին, այլ տղամարդ է եղել։ Ըստ իր պատմության՝ գյուղի բնակիչներից մեկը 4 դուստր ունենալուց հետո ցանկացել է որդի ունենալ, սակայն չի կարողացել։ Սուրբը հայտնվել է երազում՝ երեխայի բարուրը ձեռքին, բարուրը մեկնել է դեպի կինը, սակայն նորից հետ քաշել, և ասել, որ մինչև իր համար մի կենդանի կամ թռչուն չզոհաբերի (մատաղ չանի), երեխային նրան չի հանձնի։ Կինը աղավնի է զոհաբերել, որից հետո լույս աշխարհ է եկել իր որդին։
Չնայած տարատեսակ կարծիքների և պատմությունների, ի վերջո եկեղեցին քահանայի կողմից օծվել է որպես Սբ․ Աննա Մարգարե։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր