Կադիրովի մտերիմի այցը Վրաստան. հանդիպում «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, ինչպես նաև «Վրացական երազանք»-ի խորհրդարանական, օլիմպիական չեմպիոն Գենո Պետրիաշվիլին Թբիլիսիում հանդիպել են խառը մենամարտերի (MMA) մարտիկ Խամզաթ Չիմաևի հետ։

30-ամյա Չիմաևը ավտորիտար Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմն է, վերջինիս անվանում է «ավագ եղբայր»։

Չիմաևը «սպորտլվացման» (Sportswashing) պրակտիկայի վառ օրինակ է. «սպորտլվացումը» քաղաքական գործիչների, այդ թվում՝ բռնապետ Կադիրովի՝ սիրված մարզիկների հետ ընկերություն անելը և վերջիններիս իրենց քաղաքական նպատակների համար օգտագործելը:

Չեչենական ծագումով MMA մարտիկ Չիմաևը դեկտեմբերի 23-ին Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ինքն ու Կալաձեն։ Ավելի ուշ լուսանկարներով կիսվել է նաև Կալաձեն: Լուսանկարներից երևում է, որ Կալաձեն Չիմաևին նվիրել է իր ֆուտբոլային մարզաշապիկը։

«Վրաստան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար», — գրել է Չիմաևը՝ նշելով Կալաձեին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Կալաձեն հանդիպում է UFC-ի չեմպիոնների հետ։ 2024 թվականի ամռանը, Եվրոպայի առաջնությունում Վրաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերին զուգահեռ, Կալաձեն «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կրտսեր որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի հետ հանդիպել է Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։

Կալաձեից բացի Խամզաթ Չիմաևը հանդիպել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, 2024 թվականից «Վրացական երազանք»-ի անդամ Գենո Պետրիաշվիլիին։ Պետրիաշվիլին ներկայում միակուսակցական խորհրդարանում պատգամավոր է, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահն ու ընդդիմությունը։

Նա Պետրիաշվիլիի հետ հանդիպել է մեկ այլ օլիմպիական չեմպիոն, ձյուդոիստ Լաշա Բեքաուրիի հետ, ով «Վրացական երազանք»-ի կողմնակից է։ Չիմաևը, Բեքաուրիի և Պետրիաշվիլիի հետ հանդիպման լուսանկարը հրապարակել է Instagram-ի Stories (պատմություններ) բաժնում:

Չիմաևը եղել է նաև Թբիլիսիի «Ստամբա» հյուրանոցում, որտեղ, ի թիվս այլոց, հանգրվանել է Թելավիում ծնված ադրբեջանցի քիքբռնցքամարտիկ Ալիմ Նաբիևը։

«Հաճելի էր հանդիպել ձեզ», — գրել է Նաբիևը՝ հրապարակելով Չիմաևի հետ «Ստամբա»-ում արված լուսանկարը։

Նաբիևը որոշ ժամանակ եղել է միլիարդատեր նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կրտսեր որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի մարզիչը։ Իվանիշվիլին արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրված է մարտարվեստով։

2024 թվականի հոկտեմբերի 23-ին Նաբիևը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, որի նկատմամբ Ադրբեջանը  վերահսկողություն ստացավ 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Հոկտեմբերի 23-ին հրապարակված գրառման մեջ Նաբիևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը՝ Շուշիում շրջագայությունը կազմակերպելու համար։

Խամզաթ Չիմաևին հյուրընկալել է MMA-ի մեկ այլ մարտիկ՝ Վրաստանի չեմպիոն Գուրամ Քութաթելաձեն. նա UFC-ի իր դեբյուտը նշել է 2020 թվականին։ Չիմաևը հրապարակել է նաև Քութաթելաձեի և նրա մոր հետ արված լուսանկարը։

Թբիլիսիում նրանք հանդիպել են նաև ավտոմեքենաների և ժամացույցների կոլեկցիոներ, Lux Time ընկերության համասեփականատեր Սաբա Միքավային. նա Վրաստանի և Ռուսաստանի երկքաղաքացի է։

Դեկտեմբերի 23-ի ժամը 12:00-ի դրությամբ Չիմաևը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ինքն ու Ռուստամ Էդիլսունթանովը։ Էդիլսունթանովը քիչ հայտնի մարզիկ է, որ ապրում է Մոսկվայում։ Տեսանյութում նրանք վրաց-ռուսական սահմանին են՝ Լարսի անցակետում, վրացական կողմում։

Ինչ է «սպորտլվացումը» (Sportswashing)

Քարոզչության այն ձևը, որը սպորտը և մարզիկներին օգտագործում է քաղաքական գործիչների վարկանիշը բարձրացնելու համար, կոչվում է Sportswashing: Այս անգլերեն տերմինը վրացերեն նշանակում է սպորտի միջոցով քաղաքական կեղտը լվանալ:

Այս պրակտիկան կիրառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում, օրինակ, Սաուդյան Արաբիայում, որտեղ առաջնորդները փորձում են կոծկել մարզիկների հետ հարաբերություններում մարդու իրավունքների ծանր իրավիճակը, ինչպես նաև Վրաստանում։ Նաև Ռուսաստանում, որտեղ նման պրակտիկայով ոգեշնչված է Ռամզան Կադիրովը, որը դա անում է MMA-ի, այդ թվում՝ UFC-ի մարտիկների հետ:

«Սպորտլվացում»-ը հանդիպում է նաև Վրաստանում։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները մշտապես փորձում են բացառիկ տեղեր զբաղեցնել վրացի և արտասահմանցի հաջողակ մարզիկների կողքին։

Սկզբնաղբյուրը՝ Radiotavisupleba.ge :