Ջրօրհնեքի կարգ Աղքյորփիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Աղքյորփի գյուղում այսօր՝ հունվարի 22-ին ջրօրհնեքի կարգ է կատարվել: Ջրօրհնեքի կարգը կատարել է Վիրահայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցու Մառնեուլի և Ռուսթավի քաղաքների հայության հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, ներկա էր նաև Գևորգ սարկավագ Ավետիսյանը:

Ջրօրհնեքի կարգը կատարվել է Աղքյորփի գյուղի հայկական եկեղեցում, որտեղ վերջին տարիներին հազվադեպ են անցկացվում եկեղեցական արարողություններ: Ջրօրհնեքի կարգը տեղից լուսաբանում էր «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Աղքյորփի գյուղից Թբիլիսիի պետական համալսարանի «Համակարգչային գիտություններ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գրիգոր Վարդումյանը, որ ներկա էր կարգին, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ գյուղացիների համար կարևոր է հոգևոր կյանքում ներգրավված լինելը, վաղուց էին սպասում ջրօրհնեքի կարգին. վերջապես իրականություն դարձավ:

«Մեր եկեղեցում (նկատի ունի Աղքյորփիի — հեղ.), ցավոք, վաղուց եկեղեցական ոչ մի արարողություն չէր իրականցվել, բայց ցանկություն վաղուց կար: Գյուղացիների մասնակցությունը բավարար էր. ժամանակի սղության պատճառով, ջրօրհնեքի կարգի անցակցման օրվա ինֆորմացիան կարգից մեկ օր առաջ կարողացանք հասնցել գյուղացիներին, հակառակ դեպքում ավելի շատ կլինեին», — ասաց Վարդումյանը:

Աղքյորփիի դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանը, որ ջրօրհնեքի կարգին մասնացել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ, ասաց՝ եկեղեցական նման կարգերի անցկացումը կարևոր է, հատկապես՝ գյուղական միջավայրում, քանի որ արթնացնում է հոգևոր կյանքը: Ըստ նրա՝ աշակերտների հետաքրքրությունն ու ոգևորությունը մեծ էր:

Ասաց՝ ցանկալի է, որ ծայրամասային գյուղեր այցելույթունները հաճախակի լինեն. խոստացել են՝ Սուրբ Զատկի տոնին ևս այցելել:

«Ջրօրհնեքի կարգը շատ լավ անցավ. մասնկիցներն իրենց տուն օրհնված ջուր էին տանում: Սա շատ լավ թարմություն բերեց թե՛ դպրոցի աշակերտներին, թե՛ գյուղին», — ասաց  Սուքիասյանը:

Նշենք, որ բացի Աղքյորփիից ջրօրհնեքի կարգ կատարվել նաև հայաբնակ Կարմիրգյուղում և Շահումյանում: