Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ իրավապահները պարբերաբար ջրային շիթեր են արձակում, ցուցարարները՝ պիրոտեխնիկաներ ոստիկանների դեմ. իրավիճակը հետզհետե լարվում է:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ոստիկանները ջրային շիթեր են արձակում խորհրդարանի երկու կողմից:
Ցուցարարները վանկարկում են՝ «ստրուկնե՛ր, ստրուկնե՛ր»։ Ցուցարարներն իրավապահներին կոչ են անում ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ։ Ցուցարարները նաև լազերներ են նետում օրենսդիր մարմնի շենքի ուղղությամբ, ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները:
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։