Սամցխե-Ջավախքում գործող Jnews լրատվականը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պաշտոնական այցով Ախալքալաք է ժամանել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին:
Նա հանդիպումներ է անցկացնում տեղի իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ամերիկացի դիվանագետն արդեն հանդիպել է Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի, սակրեբուլոյի ղեկավար Համլետ Մովսիսյանի հետ: Յան Կելլին դրական գնահատել հանդիպումը՝ խոստանալով ամռանը կրկին այցելել Սամցխե-Ջավախք և «հիանալ Փարվանա լճի գեղեցկությամբ»:
«Սա իմ առաջին այցն էր Ախալքալաք: Ես շատ ժամանակ եմ անցկացնում Թբիլիսիում, սակայն քիչ եմ լինում շրջաններում: Կառուցողական խոսակցություն ունեցանք Ախալքալաքի վարչության և Սակրեբուլոյի ղեկավարների հետ: Մենք կաշխատենք, որպեսզի զարգացնենք մեր հարաբերություններն այս տարածաշրջանի հետ՝ նպաստելով այստեղ տնտեսության զարգացմանը»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին:
Նյութի աղբյուրը` Jnews.ge