Սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայքլ Թերները Թբիլիսի կատարած այցից հետո Վաշինգտոնում համատեղ հայտարարություն են հրապարակել:
Հայտարարության մեջ նրանք վերստին հաստատել են ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանին և մտահոգություն հայտնել Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ։
«Հաշվի առնելով 16 տարի առաջ Վրաստան ներխուժած ավտորիտար երկրի` Ռուսաստանի աճող ագրեսիվ գործողությունները, անհրաժեշտ էր, որ մենք վերահաստատենք Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը վրաց ժողովրդի իրավունքին՝ ունենալու երկիր, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։
Կառավարության պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը վրաց ժողովրդի եվրաինտեգրման ձգտումներին, բայց նաև հայտարարել ենք, որ չենք անտեսելու դեմոկրատական գործընթացների հետընթացը և ԱՄՆ-ի հասցեին արված հասցեական, կեղծ հայտարարությունները։ Մենք պետք է տեսնենք ազատ և արդար ընտրություններ ու բարեխիղճ ջանքեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի չեղարկման ուղղությամբ, որն ավելի շատ վնասում է ազգին, քան օգուտ է տալիս ԵՄ անդամակցության ուղին առաջ մղելու համար: Իրավիճակը շտկելու ճանապարհին առաջին քայլը պետք է անի Վրաստանի կառավարությունը, և մենք սպասում ենք նրանց առաջարկներին»,- ասել է սենատորը:
Կոնգրեսական Մայքլ Թերները նույնպես անդրադարձել է ԱՄՆ-Վրաստան հարաբերություններին` նշելով, որ տարածաշրջանում դրանք պատմականորեն եղել են ամենաուժեղներից մեկը, բայց Վրաստանում ընթացող ժողովրդավարական արժեքներին հակասող վերջին զարգացումները զգալի մտահոգություններ են առաջացրել Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում:
Ըստ կոնգրեսականի՝ անհրաժեշտ է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ լինեն վրաց ժողովրդի ու միջազգային դիտորդների գնահատմամբ։
Հիասթափություն, անորոշություն և անհանգստություն. ամերիկացի քաղգործիչների այցը Վրաստան