Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզում վարորդական իրավունքի կեղծ վկայականներ պատրաստելու և տրամադրելու փաստով չորս անձ է ձերբակալվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալն իր հանցակիցների հետ միասին 550 ԱՄՆ դոլարով պատրաստել և վաճառել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալության անունից տրված վարորդական իրավունքի կեղծ վկայական և վարորդական իրավունքի վկայական տալու մասին կեղծ հաղորդում։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում լրացուցիչ առգրավվել է երկու կեղծ վարորդական իրավունքի վկայական և դրա արտադրության համար անհրաժեշտ տարբեր տեխնիկական միջոցներ։
«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով»,- հայտնում են քննչական ծառայությունից: