Վրաստանում այս պահի դրությամբ ամենաարդիական թեման Covid-19-ի դեմ պատվաստումն է, որն ընթանում է ամբողջ երկրի տարածքով: Մինչ օրս Վրաստանը ստացել է երեկ՝ Pfizer, AstraZeneca և Sinopharm տեսակի պատվաստանյութեր: Pfizer-ով և AstraZeneca-ով պատվաստվում են 55 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ մայիսի 4-ից Sinopharm-ով սկսեցին պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները:
Վերջին օրերին, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ջավախքում պատվաստվելու ցանկություն հայտնողների թիվն աճում է: Ախալքալաքի հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է արդեն շուրջ 10 քաղաքացի: Հաջորդ շաբաթ Ախալքալաքում պատվաստվելու համար գրանցման հատուկ հարթակում ևս մի քանի այց է ամրագրվել:
Այսօր պատվաստվելու ցանկություն ունեցող քաղաքացիների մի մասը ժամանել էր Թբիլիսիից, քանի որ մայրաքաղաքում բոլոր տեղերը սպառվել են, ուստի մարդիկ որոշել են գալ Ախալքալաք և պատվաստվել:
Քաղաքացիները նախքան պատվաստումը պատասխանում են բժշկի հարցերին, որոնք վերաբերում են ալերգիկ ռեակցիաներին, կորոնավիրուսով վարակվելուն և այլ հիվանդություններին, որից հետո ցանկացողները պատվաստվում են: Պատվաստվելուց հետո 40 րոպե քաղաքացիները սպասում են առանձին սենյակում` հնարավոր կողմնակի ազդեցությունների դեպքում արագ արձագանքելու համար, այնուհետև հեռանում հիվանդանոցից: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվում է առաջինից 28 օր անց:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղի բնակիչ Փիքրիա Փանջակիձեի խոսքով` բոլոր քաղաքացիները պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը և պատվաստվեն վարակի դեմ:
«Որպեսզի մեր երկրում վերանան սահմանափակումները և կարողանանք մեր ընկերներին ու բարեկամներին պաշտպանել վարակից, բոլորս պետք է պատվաստվենք, որ երկիրն էլ կարողանա ծանր տնտեսական վիճակից դուրս գալ» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է նա` նշելով, որ վստահում է Sinopharm տեսակի պատվաստանյութին:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը շրջանի բնակիչներին կոչ է անում ըմբռնումով մոտենալ պատվաստման գործընթացին և անպայման պատվաստվել ու սուտ լուրեր չտարածել համացանցում պատվաստանյութերի և վարակի մասին:
«Երկրում այժմ բավականին լուրջ իրավիճակ է, ծանրաբեռնված է առողջապահական հատվածը: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր երկիրը նմանվի այն երկրներին որտեղ շատ ծանր իրավիճակ է: Համաճարակը հաղթահարելու միակ միջոցը այս պահին պատվաստանյութն է»— ասում է Թորոյանը:
Նրա խոսքով, այս պահին Ախալքալաքի հիվանդանոցում կա 378 չափաբաժին «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութ, որն ամենաանվտանգներից է ու շատ քիչ կողմնակի ազդեցություն ունի:
«Պատվաստանյութի հանդեպ վստահությունը ավելի մեծացել է և դրական միտում է նկատվում, մարդիկ հասկացել են, որ այլ տարբերակ չկա: Տարբերակը մեկն է՝ պետք է պատվաստվենք և ունենանք համընդհանուր իմունիտետ և առանց այս դիմակների ու սահմանափակումների ապրենք մեր բնականոն կյանքով: Ես և մեր բուժաշխատողները պատրաստվում ենք հաջորդ շաբաթ գրանցվել և պատվաստվել «Սինոֆարմով»,— «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Թորոյանը:
Վրաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում պատվաստվեցին կառավարության և խորհդարանի անդամներ: Պատվաստվել են իշխող կուսակցության 15 պատգամավոր, և կառավարության 3 անդամ: Երեկ հանրայնորեն պատվաստվեց նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Երկրում մայիսի 7-ի դրությամբ Covid-19-ի դեմ պատվաստվել է 54 687 անձ, որոնցից 8700-ը անցել է պատվաստման ամբողջական փուլը (երկու չափաբաժին):
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ—ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։