Վրաստանի նահանգապետերի ու նրանց տեղակալների 2021 թվականի հայտարարագրերը թերի են։ Այս մասին հայտնում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստանը»։
Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ 36 պաշտոնյաներից հայտարարագրերը սխալ են լրացրել 12-ը։ Նշվում է, որ նրանցից 6-ը տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերը պաշտոնը ստանձնելուց հետո կառավարման իրավունքով այլ անձի չեն փոխանցել։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստանը» հայտնում է, որ հայտնաբերվել է մեկ դեպք, երբ պաշտոնյան հանդիսանում է ձեռնարկության տնօրեն, որի մասին չի նշել, իսկ 5 պաշտոնյայի դեպքում հայտարարագրված չէ իրենց և ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի և և տարբեր ընկերություններում բաժնեմաս ունենալու մասին տեղեկատվությունը։
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Զուրաբ Խաչիձեն իր համասեփականության մասին չի նշել 2021 թվականի օգոստոսին ներկայացված հայտարարագրում։ Բնակարանը գտնվում է Թբիլիսիի Անջափարիձե փողոցում։ Նա նաեւ չի նշել, որ իր կինը՝ Նատալիա Ջորդանիան բնակարան ունի Թբիլիսիի Կոստավա փողոցում։
Քվեմո Քարթլիի նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Շինջիկաշվիլին 2021 թվականի մարտին ներկայացված հայտարարագրում նշել է, որ Iberia Distillery Ltd-ում իր բաժնեմասը 5% է, ըստ օրենքի, սակայն, նա այլևս բաժնեմաս ունենալու իրավունք չունի։
Քվեմո Քարթլիի նահանգապետի մյուս տեղակալ Կախա Կոբերիձեն, իր հերթին, 2021 թվականի հուլիսին հայտարարագրում չի նշել, որ իր կինը՝ Մանանա Ալավիձեն «Բիոսֆեր+» ՍՊԸ-ի 11,25% բաժնետոմսի սեփականատերն է։