Ջավախքի որոշ հասարակական կազմակերպություններ դիմել են աշխարհի 15 երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, դեսպանատներին և հյուպատոսարաններին, որոնք գտնվում են Վրաստանում՝ կոչ անելով ձեռնարկել կոնկրետ գործողություններ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համար:
«Մենք՝ Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ կապված աննախադեպ մարտական գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում:
Մենք չափազանց կարևոր և անհրաժեշտ ենք համարում ձեր կողմից վճռական և կոնկրետ գործողությունների ձեռնարկումը` դադարեցնելու համար ագրեսիան, ինչը լուրջ ապակայունացում է առաջացնում տարածաշրջանում: Ձեր ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ հանգամանքների վրա.
Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության հարցը, նրա ակտիվ մասնակցությունը վերոնշյալ ռազմական հակամարտությանը, ինչպես նաև Սիրիայում և այլ երկրներում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավումը հակամարտության մեջ՝ ձեռնարկել դիվանագիտական և այլ միջոցառումներ, ներառյալ պատժամիջոցային բնույթի արգելքներ:
Ահաբեկչությունը չպետք է տարածվի Անդրկովկասում, ահաբեկչությանը պետք է հաղթել:
Այս չարիքի դեմ ցանկացած պայքար ազնիվ պայքար է: Ամբողջ համաշխարհային հանրությունը գիտի և համոզված է, որ ահաբեկիչները հայտնվել են պատերազմական գոտում երրորդ երկրների՝ ագրեսորների հանցավոր գործողությունների շնորհիվ:
Մենք դեմ ենք հակամարտության և խնդրահարույց հարցերի ռազմական ուժի կիրառմամբ լուծմանը, հատկապես երրորդ երկրների մասնակցությամբ:
Մենք վստահ ենք, որ մեր դիմումը ոչ միայն կընդունվի քննարկման, այլ նաև Ձեր կողմից կոնկրետ պատասխան կստանա», – ասված է հայտարարության մեջ:
Դիմումն ուղարկվել է Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Չինաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Հունաստանի դեսպանություններ:
Աղբյուր՝ jnews.ge