Ջավախքում արդեն սկսվել է կարտոֆիլի ցանքը: Գյուղացիները այս տարի միանգամից մի քանի խնդրի հետ են առնչվում: 2020 թվականին համաճարակի պատճառով Ջավախքի բնակիչների մեծ մասը չկարողացավ մեկնել արտագնա աշխատանքների, ինչի պատճառով տարածաշրջանում սովորականից ավելի շատ հող մշակվեց և կարտոֆիլի բերքը համեմատաբար ավելի շատ էր:
Այս տարի գյուղացիները չկարողանալով իրացնել կարտոֆիլը մեծ խնդիրների առաջ են կանգնել: Որոշները կարտոֆիլի պահպանման համար հարմարություններ չունենալու պատճառով տոննաներով կարտոֆիլ են փչացրել, իսկ որոշները ցածր գնի պատճառով որոշել են վաճառելու համար նախատեսված կարտոֆիլը այս տարի օգտագործել որպես սերմացու:
Կարտոֆիլի ցանքի համար նաև մեծ խոչընդոտ է հանդիսանում շրջանում պարարտանյութի սակավությունը: Խանութներում կամ պարարտանյութ չի վաճառվում, կամ վաճառվում է շատ բարձր գներով:
Օրեր առաջ Ռուսթավիի ազոտի գործարանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, պահանջելով աշխատավարձերի 50 տոկոսով ավելացում: Մայիսի 2-ին գործադուլը մասամբ ավարտվել է, գործարանը աշխատակիցներին առաջարկել է որոշ աշխատողների աշխատավարձը ավելացնել 250, որոշներինը՝ 125 լարիով, ինչին համաձայնել է աշխատակիցների մի մասը: Համաձայնության հասնելու դեպքում ակնկալվում է, որ երկրում պարարտանյութի խնդիրը կվերացվի:
Երկրում դիզելային վառելիքի գների թանկացման պատճառով տեխնիկայով աշխատանքներն իրականացնելը ևս մեծ ծախսերի հետ է կապվում:
Բնակիչները «Ալիք Մեդիայի» հետ զրույցում բողոքում են, որ երկրում ամեն ինչ թանկանում է բացի գյուղացիների արտադրանքից: Ըստ նրանց` կարտոֆիլը, կաթը, պանիրը տարիներով մնում են նույն գնի, այն ժամանակ, երբ երկրում գրեթե ամեն ինչ թանկացել է: Ինչ վերաբերում է կարտոֆիլի իրացմանը, գյուղացիների խոսքով, իրենց տներում կարտոֆիլը փտում է, իսկ պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, փոխարենը` այլ երկրներից է ներկրում կարտոֆիլ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։