Ռուսաստանը Ուկրաինայի հետ մեկտարյա պատերազմին զուգընթաց տեղեկատվական ուժեղացված պատերազմ է վարում հարավկովկասյան տարածաշրջանում՝ թիրախում պահելով նաև Վրաստանի խոցելի համարվող էթնիկ փոքրամասնություններով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի շրջանը:
Վրաստանի էթնիկ հայերը, ամենավերջին հետազոտությունների համաձայն, ռուս-ուկրաինական պատերազմում շարունակում են աջակցել Ռուսաստանին, քանի որ հիմնական տեղեկությունը ստանում են ռուսերենով՝ ռուսական կամ Ռուսաստանի կողմից կառավարվող լրատվամիջոցներից: Այդ աղբյուրներից տարածվող ապատեղեկատվությունն էլ ընկալում են որպես իրականություն: Հիմնական պատճառը պետական լեզվի` վրացերենի չիմացությունն է: Սակայն այդ գործում մեծ դեր ունի նաև այն, որ տեղացիները Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն՝ Ռուասաստանի քաղաքացիություն ու բարեկամներ ունեն, սեզոնային արտագնա աշխատանքի են մեկնում և այլն։
Ռուսաստանից Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ակտիվորեն տարածվող քարոզչությունների հետ կապված դեռևս 2022-ի հուլիսին մտահոգություն էր հայտնել Եվրախորհրդարանը՝ «Վրաստանում մեդիայի ազատության խախտումների և լրագրողների անվտանգության մարտահրավերների մասին» բանաձևի 13-րդ կետում.
Փետրվարի սկզբին ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հրապարակած հետազոտության մի բաժին նվիրված է ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ էթնիկ փոքրամասնությունների դիրքորոշումներին: Այն ներկայացված է ընդհանուր կատեգորիայով՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ո՞ր շրջանի ո՞ր էթնիկ խումբն ինչպես է պատասխանել հետազոտության հարցերին: Սակայն հարցվածների մեծ մասը հաստատել է Ռուսաստանի քարոզչության ուժեղացված ազդեցությունը: Օրինակ՝ հարցված Էթնիկ փոքրամասնությունների մեկ քառորդ մասը գտնում է, որ տվյալ պատերազմը մեկնարկել է ԱՄՆ-ի պատճառով, ինչը հենց ռուսական նարատիվ է, իսկ Ռուսաստանի կառավարության նկատմամբ ամենադրական տեսակետն ունեն հենց էթնիկ փոքրամասնությունները՝ հարցվածների 44%-ը:
Բացի այդ, վերջերս հրապարակվեցին նաև «Մեդիայի զարգացման հիմնադրամ» (MDF) կազմակերպության մեդիագրագիտության մասին հետազոտության արդյունքները: 2022 թվականի սեպտեմբերին իրականացված հետազոտության շրջանակներում 140 հարցվածներից 20-ը (մոտ 15%-ը) Ախալքալաքից են եղել: Ապատեղեկատվական նարատիվներ հետազոտող կազմակերպությունը ստուգել է՝ ի՞նչ կարծիքի են հարցվածները պատերազմին զուգընթաց Ռուսաստանի կողմից նպատակաուղղված կերպով տարածվող նարատիվների մասին: Ամենաշատը՝ 13 ապատեղեկատվական ուղերձ, որպես իրականություն են համարել Ախալքալաքիից հարցվածները: Սրա հետ մեկտեղ, հատկանշական է, որ հահարցվածները նշել են՝ ապատեղեկատվության զոհ են դառնում վրացերենի չիմացության պատճառով:
«Ռուսաստանը հիբրիդային այս պատերազմում օգտագործում է ոչ միայն տեղի իր «ներկայացուցիչներին» (քաղաքական, կրոնական և հայ համայնքում այլ դերակատարների), այլև փափուկ ուժը՝ ռուսական մեդիան, որը հատկապես Սամցխե Ջավախքի տարածքում ակտիվորեն տարածում է ռուսական պրոպագանդան», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը` տարանջատելով Թբիլիսում ապրող հայերին և համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին: Վերջիններս, ըստ Թումասյանի, ավելի աներեր են քարոզչության նկատմամբ, որովհետև ավելի ինտեգրված են:
Իսկ Նինոծմինդայից ակտիվիստ Տիգրան Թարզյանը նշում է, որ Ջավախեթիի բնակիչները վերջերս սկսել են ավելի շատ հայալեզու մեդիա սպառել:
«Վերջին շրջանում [նկատի ունի վերջին երկու տարին՝ խմբ.], ի տարբերություն ռուսական մեդիայի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը դիտողներն ավելի շատ են: Սա թերևս կապված է Հայաստանում վերջին տարիներին ծավալված քաղաքական զարգացումներով: Նինոծմինդայում հիմնականում օգտվում են հեռուստատեսային տեղեկատվությունից, օնլայն մեդիան մեծ հասանելիություն չունի: Ում տուն այցելում եմ, Առաջին ալիքը պարտադիր միացված է: Ինչ վերաբերում է տեղական ալիքներին, իրենց գործում հաճախ թերություններ կան: Նրանք ոչ միշտ են տարածում նորություններ հենց Վրաստանից, շատ դեպքերում դա անում են` օգտվելով հայկական կամ ռուսական աղբյուրներից»:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ պետությունը մինչ օրս չունի այնպիսի ռեսուրս, որի միջոցով էթնիկ փոքրամասնությունների համար վրաստանյան տեղեկությունը հասանելի կդառնա։ Սա է թերևս պատճառը, որ Ռուսաստանը
կարողանում է շարունակաբար լծակներ կիրառել վերոհիշյալ շրջանում, սակայն միևնույն ժամանակ նա հույս է հայտնում, որ հայկական մեդիան սպառելու ճանապարհով գուցե տեղի բնակիչների մոտ սկեպտիցիզմ առաջանա Ռուսաստանի նկատմամբ:
Միքելաձեի համոզմամբ՝ հայկական մեդիասպառումը հնարավոր է դրական միտման առիթ հանդիսանալ Ջավախեթիի բնակչության համար:
Հավելենք՝ թեև Վրաստանը էթնիկ փոքրամասնությունների համար պարբերաբար մեդիագրագիտության դասընթացներ է անցկացնում, բայց Եվրոպական խորհրդի նախորդ տարվա խորհրդատվությունների բաժնում էթնիկ փոքրամասնությունների ուղղությամբ ավելի շատ աշխատանք իրականացնելու մասին պահանջը շարունակում է խիստ ակտուալ մնալ: