Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության ղեկավարներից Բադրի Ջափարիձեն կոչ է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ թույլ տալ Ուկրաինայի նախագահին ելույթ ունենալ Վրաստանի խորհրդարանում։
«Ուկրաինան ագրեսիայի զոհ է, անմեղ մարդիկ են մահանում։ Այս պահին նրանք առավելագույն աջակցության կարիք ունեն, հետևաբար, այն իրավիճակում, երբ Զելենսկին դիմեց եվրոպական բոլոր երկրների խորհրդարաններին, նրան միանշանակ պետք է հնարավորություն տրվի ելույթ ունենալ նաև Վրաստանի խորհրդարանում։ Ես ուզում եմ կոչ անել «Վրացական երազանքին», հիմա իսկապես ժամանակն է, որ Զելենսկին ելույթ ունենա Վրաստանի խորհրդարանում, մի երկրի խորհրդարանում, որը նույնպես ագրեսիայի զոհ է դարձել»,- ասել է Ջափարիձեն։
Ըստ Ջափարիձեի՝ Վրաստանի տարածքը չի կարող և չպետք է դառնա տարանցիկ երկիր՝ Ռուսաստանին այնպիսի ապրանքների մատակարարման համար, որոնք պատժամիջոցների տակ են.
«Մենք պետք է առավել մեծ աջակցություն ցուցաբերենք ուկրաինացի ժողովրդին, քանի որ նրանց մղած պայքարը ուղղված է նաև մեր ապագայի և մեր ազատության համար»։