Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան կարծում է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և օդահաղորդակցության արգելքի չեղարկումը Վրաստանի կառավարության «լավ պահվածքի» արդյունք է:
Նախկին վարչապետը նշել է՝ այդ «լավ պահվածքի» համար վրացական կառավարությունը հաճախ արժանանում է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների գովասանքին
«Իվանիշվիլին (նկատի ունի «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին) Վրաստանին տանում է դեպի ագրեսորը և սպառնում է Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարին՝ ի հեճուկս վրաց ժողովրդի ցանկության»,- ասել է Գախարիան:
Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթնրի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։
Գախարիան, որ ներկայումս ընդդիմադիր է, «Վրացական երազանքի» կառավարության ներքին գործերի նախարարն է եղել 2017 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի սեպտեմբերը, իսկ վարչապետը՝ 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը։
2019 թվականին, երբ ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցին Վրաստան հաջորդեցին քաղաքացիների բողոքի լայնածավալ ցույցերը Թբիլիսիում, Գախարիան ներքին գործերի նախարարն էր։ Բողոքի ակցիան ճնշվել է ուժի գործադրմամբ, որի ժամանակ տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են, մի քանիսը կորցրել են իրենց աչքը։