Վրաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին բաժնում գրված է, որ «Բիձինա Իվանիշվիլին գիտության և արվեստի հայտնի հովանավոր և գործարար է»։
Նշված փաստը վրաց հանրության շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ծաղրանքով են վերաբերվում նշվածին:
«Ժամանակն է» կուսակցության հիմնադիր Էլենե Խոշտարիան հայտարարել է, որ պատմության դասագրքում նման գրառումների դեմ բողոքի ցույցեր պետք է սկսեն։ Խոշտարիան ասել է, որ ցույցեր կանեն այնքան ժամանակ, մինչև «արդյունքի հասնեն»։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը նշվածը մեկնաբանել է. «9-րդ դասարանի պատմության երկու դասագրքերն էլ ներկայացնում են Վրաստանի նորագույն պատմությունը, ներառյալ անկախության հռչակման տարիները՝ առաջին նախագահի կառավարման տարիները, Աբխազիայի և Սամաչաբլոյի կոնֆլիկտը, երկրորդ նախագահի կառավարման տարիները, արևմտյան ուղղվածության ընտրությունը, ինչպես նաև «Վարդերի հեղափոխության» միջոցով իշխանափոխությունն ու երրորդ նախագահի գործունեության հետ կապված փաստեր»։
Ըստ նախարարության, գրքերը նկարագրում են նաև 2008 թվականի պատերազմն ու Ռուսաստանի դիվանագիտական ճնշումն Արևմուտքի վրա։ Երկու գրքերում էլ՝ մեկ պարբերություն նվիրված է 2012 թվականի ընտրությունների միջոցով իշխանափոխությանը, երբ իշխանությունն «Ազգային շարժում» կուսակցությունից անցավ «Վրացական երազանքին»։
Նշվում է, որ դասագրքերում խոսվում է անկախության տարիների բոլոր քաղաքական առաջնորդների և նրանց գործունեության շրջանի մասին և սա է պատճառը, որ Բիձինա Իվանիշվիլին ևս ընդգրկված է դասագրքում:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր