Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին

«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, իսկ խորհրդարանի նախագահի պաշտոնում` Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը։

Այս տեղեկությունը կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտնել է կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։

«Ըստ մեր կանոնադրության՝ կուսակցության պատվավոր նախագահն իրավասու է առաջադրելու վարչապետի թեկնածու, և, թերևս. անակնկալ չի լինի, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը ներկայացրեց վարչապետի պաշտոնում, իսկ խորհրդարանի նախագահի պաշտոնում` Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը»,- ասել է Մդինարաձեն։

Նրա խոսքով, հաջորդ օրերին՝ խորհրդարանի առաջին նստաշրջանից հետո, խորհրդարանական մեծամասնությունը կնշանակի նախագահի ընտրության օրը։