Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է հաստատվել։
Նույն հաղորդագրության համաձայն, Իվանիշվիլին այժմ բուժման կուրս է անցնում։ Իշխող թիմը պարզաբանել է, որ հենց այդ պատճառով է հետաձգվել Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցած վրացի մարզիկներին ուղղված Իվանիշվիլիի շնորհավորական նամակի հրապարակումը։
«Ներկայում Բիձինա Իվանիշվիլիի առողջական վիճակը բավարար է», — ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ։
Ի դեպ, վերջին անգամ Իվանիշվիլին հանրության առաջ հայտնվել է հուլիսի 16-ին՝ «Վրացական երազանք»-ի նոր կենտրոնական գրասենյակի բացման և նախընտրական քարոզարշավի բացման միջոցառմանը։
Իշխող կուսակցությունը նամակ է հրապարակել, որում շնորհավորում է ձյուդոիստներ Լաշա Բեքաուրիին, Տատո Գրիգալաշվիլիին և Իլիա Սուլամանիձեին Փարիզի Օլիմպիական խաղերում գրանցած հաջողությունների կապակցությամբ։
Նշենք նաև, որ 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում վրացի ձյուդոիստները կարողացան երեք մեդալ նվաճել։ Տատո Գրիգալաշվիլին (-81 կգ) և Իլիա Սուլամանիձեն (-100 կգ) դարձան արծաթե, իսկ Լաշա Բեքաուրին (-90 կգ)՝ օլիմպիական չեմպիոն։