Transparency International-Georgia-ի տնօրեն Էկա Գիգաուրին արձագանքելով «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տարածած հայտարարությանը՝ նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Վրաստանի ներքաշման մասին հռետորաբանությունը ծառայում է երկու նպատակի․
«Պատերազմի մասին խոսելը ծառայում է մարդկանց վախեցնելուն և նրանց ուշադրությունը շեղելուն։ Վրաստանի պատերազմում ներքաշման մասին հռետորաբանությունը ծառայում է երկու նպատակի` շեղել ուշադրությունը Եվրամիության թեկնածուի կարգավիճակից և փչացնել Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ։
Երբ իշխող կուսակցությունը խզված հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, ինչպե՞ս ԵՄ կարգավիճակ ստանալ, երբ նույնիսկ չեք պատրաստվում բարեփոխումներ անել»։
Նա իր հայտարարության վերջում հավելում է՝ կարևոր է, թույլ չտալ, որ հասարակությունը սխալ ըմբռնի այս ամենը։
Նշենք, որ Իվանիշվիլին այսօր տարածած իր հայտարարության մեջ խոսում է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման, Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի և իշխող կուսակցության գործունեության մասին։