Իվանիշվիլին նախկին ֆինանսիստ Բաչիաշվիլիին հաշտություն է առաջարկել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Թեիմուրազ Ծիքվաձեն հաստատում է, որ Իվանիշվիլին իր նախկին ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլիին հաշտություն է առաջարկել։

Ըստ նրա՝ «կողմերի միջև նմանատիպ շփումներ եղել են մի շարք դեպքերում և կշարունակվեն հետագայում»։

Բաչիաշվիլին, որի դեմ Իվանիշվիլիի հայտարարության հիման վրա կրիպտոարժույթի գործով գործ է հարուցվել, հունվարի 23-ի առավոտյան հայտարարել է, որ Իվանիշվիլին գործի հարուցումից հետո «միջնորդի» միջոցով իրեն առաջարկել է վճարել 5000 բիթքոյն։

«Իվանիշվիլին շարունակում է շորթել: Սա շորթում է, երբ քրեական պատասխանատվության սպառնալիքով մարդուն խնդրում են մեծ գումար վճարել», — ասել է Բաչիաշվիլին:

Ծիքվաձեն, Facebook-ում պատասխանելով Բաչիաշվիլիին, նշել է, որ Բաչիաշվիլին մեղադրվում է 8986.8675 բիթքոյն յուրացնելու մեջ։

Բաչիաշվիլին հունվարի 23-ին հայտարարել է նաև, որ Իվանիշվիլին իրեն առաջարկել է նամակներ հրապարակել «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին, ինչից նա հրաժարվել է, իսկ դրանից հետո նրա հետ հարաբերությունները վատթարացել են։