Իվանիշվիլին մտադիր է դատի տալ շվեյցարական Julius Baer բանկին

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլին ծրագրում է դատի տալ շվեյցարական Julius Baer բանկին, տեղեկությունը տարածել է նրա փաստաբանը։

Ըստ փաստաբան Լաշա Կալանդաձեի՝ Իվանիշվիլին գրեթե 10 տարի դատավարություններ է վարում Credit Suisse-ի/նրա հետ կապված իրավաբանական անձանց դեմ տարբեր իրավասություններում։

«Սինգապուրում շարունակվող վեճը Credit Suisse-ի դեմ հաջողությամբ ավարտվել է։ Բերմուդյան կղզիներում ընթացող գործը, որը հաջողությամբ ավարտվել է առաջին և երկրորդ ատյանի դատարաններում, վերջնական ատյանի դատարանում քննվելու է 2025 թվականի ամռանը։ Քաղաքացիական գործերի վերանայում է սկսվում նաև Շվեյցարիայում (Շվեյցարիայում վեճի առարկան այն գումարների փոխհատուցումն է, որոնք չեն կարող փոխհատուցվել Սինգապուրում և Բերմուդայում շարունակվող վեճերով)», — ասված է հաղորդագրության մեջ։

Իվանիշվիլիի փաստաբանի խոսքով՝ Credit Suisse-ի անօրինական գործողություններից փրկված ակտիվների զգալի մասը փոխանցվել է շվեյցարական մեկ այլ բանկ՝ Julius Baer-ին, ներառյալ այն հաշիվները, որտեղ պետք է տեղաբաշխվեին հեջ-ֆոնդերից ստացված միջոցները։

Հիշեցնենք. ԱՄՆ-ը դեկտեմբերի վերջին ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ։ Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC)՝ պարզաբանելով, որ Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, արգելափակվելու են (այսինքն՝ սառեցվելու են):

Bloomberg-ի տվյալներով՝ Իվանիշվիլիի կարողությունն անցյալ տարի աճել է 1 մլրդ դոլարով և այժմ կազմում է 7,55 մլրդ դոլար։