«Նոյեմբերի 7-ը նախկին իշխանությունների ծանրագույն սխալն է, որը պետք է դաս դառնա հետագա բոլոր իշխանությունների համար»,- հայտարարել է նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ հիշելով 11 տարի առաջ այս օրը տեղի ունեցած դեպքերը:
Նախկին իշխանությունների՝ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին 2008-ի դեկտեմբերից արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այսօր հենց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վաշաձեն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ ժամանակ որևէ կապ չի ունեցել նախկին իշխանությունների հետ, սակայն ամբողջությամբ կրում է իրադարձությունների պատասխանատվությունը:
«Իշխանությունները պետք է մշտապես քաղաքացիներին միավորելու ու նրանց դիրքորոշման, այդ թվում քաղաքական հայացքների հետ հաշվի նստելու ունակություն ունենան։ Չի կարելի շահարկել տեղի ունեցածը»,- գրել է Վաշաձեն:
Ընդդիմության թեկնածուն նաև անդրադարձել է վրաստանյան ներկա իրավիճակին՝ հայտարարելով, որ «Իվանիշվիլին ոչ միայն կրկնում է 11 տարի առաջ կատարված սխալը, այլ թշնամիներ է անվանում առաջին փուլում մեզ աջակցած 600 հազար քաղաքացիներին: