Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ կապված իշխանության գալու 12-րդ տարելիցի հետ։
Իվանիշվիլին հոկտեմբերի 1-ը համարում է «Վրաստանի քաղաքացիների միասնության խորհրդանիշ և այդ օրը հիշատակում է 1918 և 1991 թվականներին Վրաստանի անկախության վերականգնման ժամանակաշրջանի հետ միասին»։
«Այս օրը մեր հպարտության ընդհանուր հիմքն է։ Վրաստանի քաղաքացիների միասնության և այս միասնության ուժի նշան և խորհրդանիշ: Այս օրը մերն է, ինչպես մայիսի 26-ը, ինչպես ապրիլի 9-ը: Այս ամենի համար հայրենիքը երախտապարտ է ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ՝ որպես ձեր զինակից, վրացի մարդ»,- գրել է Իվանիշվիլին։
Իր կուսակցության իշխանության գալու 12-րդ տարում իշխող կուսակցության ղեկավարը կրկին խոստանում է հետապնդել քաղաքական հակառակորդներին։ Իվանիշվիլին այսպես է բացատրում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտությունը:
«Սկզբունքորեն կարևոր է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ստանա։ Սահմանադրական մեծամասնությունը, որպեսզի նախ պետք է հակասահմանադրական ճանաչվի, իսկ հետո օրենքի ողջ խստությամբ դատվի կոլեկտիվ «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ), սեփական բնակչությանը ահաբեկող, սպանող, խոշտանգող և պատերազմի կրակը սանձազերծած ռեժիմը: Որպեսզի Վրաստանը կառավարվի մեր ժողովրդի կողմից ընտրված իշխանության կողմից, այլ ոչ թե օտար ուժերի գործակալներով համալրված հավաքական «Միացյալ ազգային շարժման» կողմից»,-, ասված է հայտարարության մեջ։
Ի դեպ, միլիարդատեր Իվանիշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանք» կոալիցիան հաղթեց 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում և այդ ժամանակվանից ի վեր իշխանության է արդեն երրորդ ժամկետով. այժմ էլ ցանկանում է իշխանության մնալ 4-րդ ժամկետով: