Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրություններից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ։ Իր տեսաուղերձում, որն ուղղված է հիմնականում «հուսախաբ» քաղաքացիներին, Իվանիշվիլին ասել է, որ հասկանում է նրանց դժգոհությունն ու ցավը։
Իշխող ուժի ղեկավարը նշել է, որ երկրում առկա հիմնական մարտահրավերը մնում է գոյություն ունեցող աղքատությունը, ինչը և օրհասական է դարձնում մեծամասշտաբ փոփոխությունների հարցը:
Իր ելույթում Իվանիշվիլին, սակայն, նկատում է, որ չպետք է թույլ տալ որ «Վրացական երազանք»-ի սխալներից օգտվի մի ուժ, որն ուզում է ոչնչացնել բոլոր բարձր ու վեհ արժեքները:
«Ձեզանից շատերը բարկացած են, քանի որ հավանական է դարձել բռնատիրական ռեժիմի վերադարձի վտանգը: Այսօր ես չեմ պատրաստվում խոսել 9-ամյա ռեժիմի մասին, որն այդ տարիների ընթացքում ոտնահարել է քաղաքացու իրավունքները, արժանապատվությունը՝ դառնալով ձեզանից շատերի ընտանիքի ու տան կորստի պատճառը», — ասել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով, 2012-ին Վրաստանն ազատվել է «բռնատիրական ռեժիմից»՝ այն չվերադարձնելու նպատակով։
«Մենք դժվարին ժամանակաշրջան ապրեցինք՝ այդ ընթացքում երկիրը բերելով կայուն զարգացման ճանապարհ։ Մենք այդ ճանապարհին բազմաթիվ կարևոր հաջողություններ գրանցեցինք։ Այսօր գործարարն ազատ է պետական շորթումներից, ազատ է մամուլը, իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր»,-նշել է իշխող ուժի ղեկավարը՝ նկատելով, որ ինքը տեղյակ է երկրի քաղաքացիների ցավի մասին, գիտի նրանց զայրույթի պատճառները և խոստանում է դրանք անուշադրության չմատնել։
Ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմելով երկրի բնակչությանը, Իվանիշվիլին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին՝ թույլ չտալով «բռնատիրական ռեժիմի» վերադարձը։