Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին իրավապահ մարմինների ներկայացուցիչ է ուղարկել ԱՄՆ՝ իր անձնական գործերը կարգավորելու համար:
Գախարիան, սակայն, չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը, միայն հավելել է՝ ցանկալի կլիներ, որ Իվանիշվիլին նման բան չաներ:
Radiotavisupleb լրատվամիջոցը պարզել է, որ իրավապահ մարմիններից վերջերս ԱՄՆ-ում է եղել Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ ՊԱԾ-ը նշել է, որ հունիսի 12-ին տարեկան զեկույցը խորհրդարանում ներկայացնելուց հետո Լիլուաշվիլին մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ամենամյա միջոցառմանը։
«Սա սովորական աշխատանքային այց էր անվտանգության հարցերով»,- հայտնել են ՊԱԾ-ից: ՊԱԾ-ը չի հստակեցրել, թե Լիլուաշվիլին ում հետ է եղել ԱՄՆ-ում, որքան ժամանակ է մնացել այնտեղ և վերադարձե՞լ է Վրաստան, թե՞ ոչ։
Նշենք, որ լրատվամիջոցներին կառավարության ներկայացուցիչների ԱՄՆ մեկնելու հարցը սկսել է հետաքրքրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար պատասխանատու անձանց նկատմամբ։