Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի խոսքերով, հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումների և ցույցի ցրման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հաջորդ օրն է իմացել:
Ներքին գործերի նախարարը նշել է, որ Իվանիշվիլին է զանգել իրեն:
«Երկրորդ օրն է իմացել, ժամը չեմ հիշում: Այդ գիշերը չի իմացել: Ես անձամբ չեմ հաղորդակցվել: Հաջորդ օրը զանգեց և ես բացատրեցի, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:
Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն մոտ մեկ ամիս է պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը: