Հեղինակավոր Forbes ամսագրի հրապարակած 2024 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի համաձայն, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, նախկին վարչապետ և կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին զբաղեցրել է 624-րդ տեղը։
Վարկանիշի հիման վրա Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվում է 4,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս ցուցանիշը նույնն էր նաև 2023 թվականի տվյալներով: Իվանիշվիլիից առաջ 581-րդ տեղում է մեկ այլ վրացի՝ գործարար Միխեիլ Լոմթաձեն, որն աշխատում է Ղազախստանում և ունի 5,2 մլրդ դոլար ունեցվածք:
Նշենք, որ Bloomberg Billionaires Index-ի կողմից մարտին հրապարակած տվյալներով՝ Իվանիշվիլիի ունեցվածքը կազմում էր 6,92 միլիարդ դոլար։ Ըստ այդմ՝ Իվանիշվիլիի ունեցվածքը մեկ տարում (2022 թվականի համեմատ) ավելացել է 1,12 միլիարդ դոլարով:
Իվանիշվիլին կարողություն է ստեղծել Ռուսաստանում՝ 1990-ականներին, հետո տեղափոխվել է Վրաստան, երկար ժամանակ բարեգործությամբ զբաղվել: 2011-ին որոշել է քաղաքականություն մտնել, հիմնադրել է այսօրվա իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: 2012-ի ընտրություններից մեկ տարի անց Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից, 2018-ին նորից վերադարձավ, 2021-ին կրկին հեռացավ՝ նշելով՝ այս անգամ ընդմիշտ: Նա, սակայն, 2023 թվականի դեկտեմբերի 30-ին «Վրացական երազանք»-ի համագումարում ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին: Նշված հավաքի ժամանակ նշել էր, որ ենթարկվել է արևմտյան պատժամիջոցներին:
Ի դեպ, Վրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքի քաղաքական միավորումների (կուսակցությունների) ռեգիստրում հրապարակվել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի յոթերորդ արտահերթ համագումարի հաստատած փոփոխությունները: Ըստ փոփոխության՝ երկրի վարչապետի թեկնածուին կառաջադրի կուսակցության պատվավոր նախագահը, այսինքն՝ Իվանիշվիլին: