«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին զիջել է դիրքերը հեղինակավոր «Forbes» ամսագրի աշխարհի ամենահարուստ դեմքերի վարկանիշային աղյուսակում` կորցնելով միանգամից 240 միավոր:
Նոր վարկանիշով` Իվանիշվիլին 589-րդ տեղում է, նախորդ տարի զբաղեցնում էր 349-րդ հորիզոնականը:
Ամսագիրն օգտվել է տվյալներից, ըստ որոնց` միլիարդատերի կարողությունը տարվա ընթացքում անփոփոխ է` 4,8 լիլիարդ դոլար: Չի նշվում` արդյոք իրավիճակ է փոխվել այն բանից հետո, երբ Վրաստանի ամենահարուստ մարդը հայտնեց, որ հեռանում է քաղաքականությունից ու կարողության մեծ մասը նվիրաբերում է բարեգործական հիմնադրամի:
Առաջին անգամ վրաց միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2006-ին` 3,9 մլրդ. դոլար ունեցվածքով (173-րդ տեղ): Առավելագույն ցուցանիշը եղել է 143-րդ դիրքը` 2008-ին, երբ նրա կարուղությունը գնահատվում էր 6,4 միլարդ: .
«Forbes»-ի առաջատարների եռյակում «Amazon» առցանց վաճառքի ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է` իր 177 միլիարդ դոլարով: Երկրորդը «Tesla»-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկն է` 151 միլիարդով, իսկ 75 շքեղ ապրանքանիշերի, այդ թվում ՝ «Louis Vuitton»-ի և «Sephora-ի համաշխարհային բիզնեսի կայսրության ղեկավար Բեռնար Առնոն, 150 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը:
Բիձինա Իվանիշվիլին կարողություն է ստեղծել Ռուսաստանում` 90-ականներին, հետո տեղափոխվել է Վրաստան, երկար ժամանակ բարեգործությամբ զբաղվել: 2011-ին որոշել է քաղաքականություն մտնել, հիմնադրել է այսօրվա իշխող կուսակցությունը: 2012-ի ընտրություններից մեկ տարի անց Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից, 2018-ին նորից վերադարձավ, 2021-ին կրկին հեռացավ` նշելով՝ այս անգամ ընդմիշտ: