Վրաստանյան ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեի խոսքով, իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին փորձել է կապ հաստատել իրենց հետ, սակայն ստացել է պատասխան՝ «գործարք չի լինի»։
«Իվանիշվիլին երկու անգամ փորձեց կապվել մեզ հետ: Պատասխանը, որ նա ստացավ, այն էր, որ իր և այն մարդկանց հետ, ովքեր երկիրը ներքաշում են ճահիճի մեջ, գործարք չի լինի: Մենք խաչմերուկում ենք, մի կողմում Ռուսաստանն է և անցյալը, մյուսում՝ ապագան», — ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է TV Pirveli-ին տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Իվանիշվիլին իր մտածելակերպով շատ վտանգավոր է:
Հաղորդավարի հարցին, թե երբ և ինչպես է փորձել կապ հաստատել Իվանիշվիլին, Խազարաձեն ասել է, որ ընտրություններից հետո Իվանիշվիլին «մարդ է ուղարկել» իր մոտ, քանի որ, իր իսկ խոսքով՝ չէր սպասում, որ ընդդիմությունն ու նախագահը ընտրությունները ոչ լեգիտիմ կորակեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ հաղթել է «Վրացական երազանք»-ը, և անցողիկ շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ «Կոալիցիան փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Վրաստանի համար»:
Հիշյալ կուսակցությունները, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմը Զուրաբիշվիլին, դիտորդական կազմակերպությունները փաստում են, որ ընտրությունները կեղծվել են։ Հարցեր ունեն նաև միջազգային գործընկերները: