Իվանիշվիլին ընտրողներին է ներկայացել զրահապատ ամբիոնով պաշտպանված

«Օգոստոսի 21-ին «Վրացական երազանք»-ի նախընտրական միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ելույթի ընթացքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են «աճող ռիսկերի» պատճառով»,- միջոցառումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Դուք գիտեք, որ կան անվտանգության բարձր ռիսկեր: Գիտեք, թե ինչ է կատարվում աշխարհում, և Բիձինա Իվանիշվիլին այս երկրում խաղաղության հիմնական երաշխավորն է, հետևաբար, ռիսկի հիմնական գործոնները նույնպես կապված են դրա հետ։ Ուստի, անվտանգության ուժեղացված միջոցառումները, որոնք այսօր ձեռնարկվել են, և որոնք կձեռնարկենք հաջորդ հանդիպումներին, միանգամայն տրամաբանական են»,- ասել է վարչապետը։

Բիձինա Իվանիշվիլին Մցխեթայում իր ելույթի ժամանակ ընտրողներին ներկայացել է հատուկ իր համար նախատեսված ամբիոնի վրա, որը, ըստ երևույթին, պաշտպանված էր զրահապատ ապակիներով։

Նշենք, որ հուլիսի 24-ին Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանում ծրագրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը։

«Նշված հանցավոր գործողությունների նպատակն անկարգություններ ստեղծելու և իշխանությունը թուլացնելու միջոցով պետական իշխանությունը բռնությամբ տապալելն է»,- ասված է հայտարարության մեջ։

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։

Անվտանգության նախարարությունը հետաքննում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը, որը կազմակերպել և ֆինանսավորել են Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և Ուկրաինայում իրավապահ մարմինների նախկին աշխատակիցները։