Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Լաշա Կալանդաձեն հայտարարություն է հրապարակել Իվանիշվիլիի և շվեյցարական Credit Suisse բանկի միջև շարունակվող վեճի վերաբերյալ։
Կալանդաձեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ բանկը և նրա հիմնադրած տրաստը «հասկանում են, որ իրենց անօրինական և հանցավոր գործողությունները վնաս են պատճառել», սակայն «հնարավորինս փորձում են արհեստական խոչընդոտներ ստեղծել», հետաձգել իրենց պարտավորությունների կատարումը կամ չկատարել իրենց պարտավորությունները։
Ըստ փաստաբանի՝ շահառուները, այդ թվում՝ Իվանիշվիլին, որոշել են լուծարել վստահառությունը։ Հայտարարության համաձայն, դատարանը հաստատել է տրաստի լուծարումը, որը Իվանիշվիլիին վերադարձրել է «ակտիվների, ներառյալ դրամական հոսքերի մեծ մասի» հասանելիությունը, սակայն կարգավորումը դեռ գրավոր չի դրվել:
«Դատարանի վճռով տրված իրավունքը՝ ակտիվներին հասանելիությունը, գործնականում հնարավոր չէ իրականացնել։ Այսպիսով, Բիձինա Իվանիշվիլին, չնայած դատարանի որոշման հրապարակմանը, 2023 թվականի մարտի 20-ից չի կարողանում մուտք գործել ակտիվներ»,- նշված է հայտարարության մեջ: