Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ Մամուկա Խազարաձեին սեփական բանկից դուրս են արել:
Գոցիրիձեն անդրադարձել է TBC բանկի հիմնադիր և խորհրդի ղեկավար Մամուկա Խազարաձեի` բանկից հեռանալու մասին հայտարարությանն ու նշել, որ ինչպես երևում է, օտարերկրյա գործընկերները գումարը վեր են դասել արդարությունից:
«Բանկը վերջին շրջանում 200 միլիոն դոլարի վնաս կրեց: Մամուկա Խազարաձեն այլ ելք չուներ` կամ պետք է գնար, կամ էլ բանկն էլ ավելի մեծ ռիսկի տակ կդրվեր: Օտարերկյա գործընկերները, ինչպես երևում է, գումարը վեր են դասել արդարությունից: Չենք կարող դատապարել, երբ երկրում գոյություն չունի դատարան և երկիրը դեռևս ղեկավարում է մի մարդ: Հիմա մեր պարտքն է` բոլորս միասին պաշտպանենք Անակլիան: Հեշտությամբ չի կարող խլել: Այստեղ մեծ աշխարհաքաղաքական շահեր կան: Կենտրոնական բանկի նախագահը, որը երեքշաբթի խորհրդարան է գալու, պետք է պատրաստ լինի պաշտոնից հեռանալուն: Նա կորցրել է վստահությունը: Իսկ առանց վստահության նրա` պաշտոնում մնալը միայն վնաս կբերի»,- հայտարարել է Ռոման Գոցիրիձեն:
Նշենք, որ արևմտյան Վրաստանում` Անակլիայում նավահանգիստ է կառուցվում: Նավահանգստի խորությունը 20.5 մետր է, այն տարեկան 100 միլիոն տոննա բեռ կսպասարկի: 7 փուլից կազմված շինարարական աշխատանքների 3 փուլը, որը 12 տարի ժամանակահատվածում է լինելու, 40 տոննա սպասարկելու հնարավորություն կտա: Ծրագրի արժեքը 2.5 միլիարդ դոլար է կազմում: