Իվանիշվիլին ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվի նախագահ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական ընդդիմության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:
Նա վկայակոչել է այն փաստը, ըստ որի, Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը՝ Ալեքսանդրե Իվանիշվիլին, նախընտրական քարոզարշավի անցկացման համար Զուրաբիշվիլիին 45 հազար լարիի նվիրատվություն է արել: Ի դեպ, պետական աուդիտի ծառայության կայք էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ նրան 50 հազար լարի է նվիրել։
«Կախա Կալաձեն, Բիձինա Իվանիշվիլին և նրա եղբայրը, սա այն մաֆիոզ կլանն է, որը ղեկավարում է երկիրը: Այս խմբավորումը որոշել է, որ Զուրաբիշվիլին պիտի դառնա նախագահ, չնայած, որ Վրաստանի բնակչության 80 տոկոսը դա չի ցանկանում։ Իվանիշվիլին իր այդ նպատակին հասնելու համար չի խնայում ֆինանսական միջոցներն ու վարչական լծակները»- Սամադաշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: