Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Տոֆտ Սորենսենը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)։ ԱԳՆ-ն դիվանագետից պարզաբանում է պահանջել դանիական Jyllandsposten թերթում արած հրապարակման վերաբերյալ։
Հունվարի 10-ին հրապարակված հոդվածում իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որ այժմ իշխող «Վրացական երազանքի» պատվավոր նախագահն է, հիշատակվում է որպես օլիգարխ։
«Դեսպանը կանչվել է նախարարություն և բացատրություն տվել՝ կապված 2024 թվականի հունվարի 10-ին դանիական Jyllandsposten թերթում իր հրապարակման հետ, և դրանում տեղ գտած ոչ ճիշտ փաստերի ու քաղաքական գնահատականի համար։
Ինչպես հանդիպմանը նշել է վրացական կողմը, ցավալի է, որ հրապարակումը պարունակում է էական փաստական անճշտություններ և ոչ օբյեկտիվ գնահատականներ, ինչը չի նպաստում երկրի նկատմամբ միջազգային հանրության, այդ թվում՝ դանիացի ընթերցողների դրական վերաբերմունքի ձևավորմանը»,- հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպմանը դանիական կողմը իր մտահոգությունն է հայտնել վերոնշյալի առնչությամբ և հայտարարել, որ հոդվածը նպատակ ունի Դանիայի կողմից աջակցելու Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման գործընթացին, և ցավալի է, որ ընդդիմախոսներն այն օգտագործել են բացասական համատեքստում:
Դանիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ դանիական հոդվածից հանվել է մի հատված, որն առանց ենթատեքստի օգտագործվում է վրացական բանավեճում:
Նախքան դեսպանին ԱԳՆ կանչելը, խորհրդարանական մեծամասնության անդամներն ասել էին, որ դեսպանին կանչելու են ԱԳՆ։
«Նրանք երբեմն փորձում են իրենց լիազորություններից դուրս միջամտել ներքաղաքական գործընթացներին և անհարկի քաղաքական գնահատականներ տալ, ինչը ակնհայտորեն նրանց գործը չէ: Դանիայի դեսպանի հայտարարությունը քայլ է այս ուղղությամբ»,- ասել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Բեքա Դավիթուլիանին:
Նույն կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ «դեսպանի այս հայտարարությունը սովորական կեղտ է». «Հասարակությունը շատ լավ գիտի, թե ինչ է արել Բիձինա Իվանիշվիլին մեր երկրի համար: Այս մարդը շարունակում է իր գործը: Ամենակարևորը, որ նա արել է՝ արյունալի ռեժիմին հաղթելն է (նկատի ունի Սաակաշվիլիի կուսակցությանը-խմբ.), որը մենք բոլորս նրա հետ միասին կարողացանք»: