
Վրացի նախկին դատավոր Շոթա Գեծաձեն՝ ցմահ դատավոր Լևան Մուրուսիձեի ընկերը, որ 2011 թվականին ճանաչել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելու օրինականությունը, 2025 թվականի ապրիլի 1-ից կնշանակվի Շվեյցարիայում դեսպան։ Նա նույն երկրում Վրաստանի բանագնացն է 2023 թվականից։
2025 թվականի մարտի 21-ին «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել, որով Շոթա Գեծաձեի թեկնածությունը Շվեյցարիայի Համադաշնությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ներկայացվել է «Վրացական երազանք»-ի ընտրած երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին։
Հրամանագրի համաձայն՝ Գեծաձեն իր պարտականությունները կստանձնի 2025 թվականի ապրիլի 1-ից։ Կոբախիձեն դեսպաններ նշանակելու ևս երկու հրամանագիր է ստորագրել։ Մասնավորապես.
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում նախկին դեսպան Արչիլ Կալանդիան, որի ծառայության ընթացքում ստորագրվել է Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը, նշանակվել է Թուրքիայում դեսպան:
- Նինո Բուրջանաձեի «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Գրիգոլ (Գիգլա) Բարամիձեն նշանակվել է Կուբայում դեսպան։
Դեսպան Շվեյցարիայում
Նախորդ դեսպանը Շվեյցարիայում եղել է Ռևազ Լոմինաձեն: Վրաստանի կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 26-ին նրան ազատել է հրամանագրով։
Շոթա Գեծաձեն, որ դատական համակարգում աշխատել է 21 տարեկանից և ուներ դատավորի 13 տարվա ստաժ, նաև ցմահ դատավոր է նշանակվել, 2023 թվականի հունիսին է թողել պաշտոնն ու մասնագիտությունը, որից հետո սկսել է դիվանագիտական կարիերան։
Մուրուսիձե. «Ընկեր և ոչ թե առաջնորդ»
Դատական անկախության հարցով աշխատող կազմակերպությունները Գեծաձեին մեղադրել են դատական համակարգի ազդեցիկ խմբի՝ «դատական կլանի անդամ լինելու համար»։
2019 թվականին նա ցանկանում էր ցմահ նշանակվել Գերագույն դատարանում, սակայն խորհրդարանը չաջակցեց։
2019 թվականի հուլիսին, երբ արդեն Գերագույն դատարանում ցմահ դատավոր դառնալ էր ցանկանում, Արդարադատության բարձրագույն խորհրդում լսումների ժամանակ նա հայտարարեց. «Լևան Մուրուսիձեն իմ ընկերն է, ոչ թե իմ առաջնորդը… Նա ինձ համար շատ ավելի կարևոր մարդ է, և ես կարծում եմ, որ դա շատ բան է ասում»:
2019-ի սեպտեմբերին, երբ նույն նպատակով նա ներկայացավ խորհրդարան, հայտարարեց.
- «Այնքան լավ բաներ են կատարվում դատարանում, չեք պատկերացնի, բայց հանրությունը, այդ թվում՝ դուք, չգիտեք դրա մասին»:
- «Դատարանի պատմության մեջ այս մակարդակի ազատ դատավարություն չի եղել»։
2017 թվականին նա ցանկանում էր դառնալ Ստրասբուրգի դատարանի դատավոր: 68 դիմորդներից կառավարական հատուկ հանձնաժողովի ընտրած հինգ թեկնածուների թվում էր։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձագետների խորհուրդը մերժել է նրան, ըստ այն ժամանակվա արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի՝ երիտասարդ տարիքի և փորձի բացակայության պատճառով։
Իվանիշվիլիի գործը
Գեծաձեն այն դատավորն է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին 2011 թվականին վրացական քաղաքականության մեջ պաշտոնական ներգրավվելուց հետո քննեց վերջինիս Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործը:
Իվանիշվիլին վրացական քաղաքացիությունից զրկվել է 2011 թվականի հոկտեմբերին` այն պատճառաբանությամբ, թե 2004 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո 2010 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն: «Վրացական երազանք»-ի հիմնադիրը պնդել էր, որ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և կապված է ընդդիմության գործունեության հետ:
Իվանիշվիլիի փաստաբանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Իվանիշվիլիին և նրա կնոջը՝ Էկատերինա Խվեդելիձեին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վարչական ակտերը։
Գործը քննել է Գեծաձեն 2011 թվականի դեկտեմբերին, դատավորն անօրինական է ճանաչել Իվանիշվիլիի կնոջը քաղաքացիությունից զրկելը, իսկ անձամբ Իվանիշվիլիի դեպքում հաստատել է նախագահ Սաակաշվիլիի հրամանը։
2019 թվականի սեպտեմբերի 25-ին խորհրդարանում Գերագույն դատարանի ստեղծման հարցով լսումների ժամանակ «Վրացական երազանք»-ի պատգամավորները նրան հիշեցրել են այդ գործի մասին։ Գեծաձեն պաշտպանել է իր որոշումը՝ ասելով, որ քաղաքացիության վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել՝ հիմնվելով այն ժամանակ գործող սահմանադրական դրույթների և օրգանական օրենքի վրա։
Միխեիլ Կղավելաշվիլին, որ 2019 թվականին պատգամավոր էր, նրան հարցրել էր, թե արդյոք այսօր նույն որոշումը կկայացնե՞ր Իվանիշվիլիի քաղաքացիությունից զրկելու հարցի վերաբերյալ, որին Գեծաձեն պատասխանել էր. «Եթե նույն օրենսդրությունն ու սահմանադրությունը գործեին այսօր, ես նույն որոշումը կկայացնեի, քանի որ դա համապատասխանում է սահմանադրությանը և օրենսդրությանը»:
Գեծաձեին Շվեյցարիայում դեսպան նշանակելու մասին հրամանը պետք է ստորագրի հենց Միխեիլ Կղավելաշվիլին, որին երկրի 6-րդ նախագահ է ընտրել «Վրացական երազանք»-ը։