Արևմուտքի կողմից օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտավախությամբ` Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարում «Հարկային օրենսգրքում»: Եթե գաղափարն օրենք դառնա, Իվանիշվիլին իրավունք կունենա օֆշորներում թաքցրած ունեցվածքը հեշտությամբ տեղափոխել Վրաստան՝ առանց որևէ ֆինանսական խնդրի, կարծում են վրացի վերլուծաբանները, ընդդիմադիրներն ու տնտեսագետ-ֆինանսիստները:
Նրանց խոսքով՝ իշխանությունը, որը թափանցիկության անվան տակ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրաինտեգրումը, հեշտացնում է օֆշորներից Վրաստան ակտիվների փոխանցման օրենքը, որը հարմարեցված է օլիգարխ Իվանիշվիլիին և նրա շրջապատի մարդկանց:
Հայագետ, վերլուծաբան, «Էթնիկական և կրոնական կապերի կենտրոն»-ի ղեկավար Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ Վրաստանում, Իվանիշվիլիից և նրա շրջապատից զատ, չկա այնպիսի մեկը, որ օֆշորներում գումար ունենա: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ կապված Վրաստանում «ռուսական օրենքի» ընդունմամբ` Իվանիշվիլին նախապատրաստվում է արևմտյան պատժամիջոցներին, և հենց դրա պատճառով ցանկանում է ունեցվածքն անխոչընդոտ տեղափոխել Վրաստան:
«Այլևայլ բազմաթիվ վարկածներ կան, որոնք, կարծում եմ՝ ավելի հիմնարար են: Օրինակ՝ Իվանիշվիլին իր ռուս գործընկերների գումարը պատրաստվում է Վրաստան բերել, և այս նոր օրենքը կհեշտացնի այդ գործընթացը»,- ասաց Ջեջելավան և հավելեց՝ «ռուսական օրենքի» ընդունումն այս պահին ձեռնտու է Իվանիշվիլիին, քանի որ թափանցիկությամբ ու մոնիտորինգով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որ մոնիտորինգի կենթարկեն Իվանիշվիլիի բերած գումարները՝ խանգարում են նրան, իսկ «ռուսական օրենքով» Իվանիշվիլին կազատվի նրանցից:
Վերլուծաբանն ընգծեց՝ եթե «ռուսական օրենքը» քաղաքականապես է Վրաստանը վերադարձնում Ռուսաստան, ապա «Հարկային օրենսգրքում» այս փոփոխությամբ Վրաստանը Ռուսաստանից ֆինանսական կախման մեջ է ընկնում:
Ֆինանսիստ Գիգա Բեդինեիշվիլիի խոսքով, «Հարկային օրենսգրքում» նախաձեռնված փոփոխությունները հիմնված են Իվանիշվիլիի ֆինանսական շահերի վրա:
«Եթե հաշվի առնենք զարգացումները, կարելի է ասել, որ Իվանիշվիլին պատրաստվում է իր ակտիվների որոշակի մասը տեղափոխել Վրաստան»:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության «Հավասարության քաղաքականություն» ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն էլ ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Վրաստանը մեծ օֆշոր է դառնում Իվանիշվիլիի և ռուս այլ օլիգարխների համար։
Հետո կտեսնեք իշխանության բռնազավթում և ավտորիտարիզմ: Հետո կտեսնեք տնտեսական պատժամիջոցների շրջանցումն ու կապը ռուսական շուկայի հետ։ Կորցնում ենք երկիրը»:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին և 18-ին արագացված կերպով քննարկել և առաջին ու երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է հարկային արտոնություններ սահմանելու նախաձեռնությունը, որը մշակել են «Վրացական երազանքի» պատգամավորները:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն վրացի գործարարները, որոնք ակտիվներ ունեն օֆշորային գոտիներում, հարկային արտոնություններ կստանան ակտիվները Վրաստան տեղափոխելու համար։ Փոփոխությունների միջոցով ձեռնարկությունն օֆշորային գոտիներից տեղափոխելու բարենպաստ պայմանները կգործեն մինչև 2028 թվականի հունվարի 1-ը: Իսկ մինչ 2030 թվականի հունվարի 1-ը նշված օպերացիայի մեջ ներգրավված ձեռնարկությունը Վրաստանում օֆշորային ընկերությունից ֆիզիկական ակտիվ ստանալիս կազատվի ներմուծման գույքահարկից։
Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն երեկ նշել էր, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Իվանիշվիլիի դեմ միջազգային պատժամիջոցների հավանականությամբ, ինչի պատճառով իշխող թիմը հարկային արտոնություններ է նախապատրաստում։
Նշենք նաև, որ Վրաստանի ամենահարուստ քաղաքացի, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և 2023 թվականի դեկտեմբերից իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին իր բիզնես գործունեությունն իրականացնում է Վրաստանի օֆշորում, քանի որ «Քարթու բանկը», «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» և «Համաներդրումային հիմնադրամը» օրինականորեն պատկանում են օֆշորային ընկերություններին։