Իվանիշվիլիի խամաճիկ վարչապետը Թրամփի ընկերը չէ. Ուիլսոն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ, հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական ցանցում արձագանքել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորանքին։

Ուիլսոնը նշել է` Իվանիշվիլիի ոչ լեգիտիմ խամաճիկ վարչապետը նախագահ Թրամփի ընկերը չէ։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան գրել է` Վրաստանի օրինական նախագահը և ԱՄՆ-ի բարեկամը Սալոմե Զուրաբիշվիլին է, որ մասնակցել է Թրամփի երդմնակալությանը։

«Իվանիշվիլիի ոչ լեգիտիմ, խամաճիկ վարչապետը նախագահ Թրամփի ընկերը չէ: Նա Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության և Իրանի ռեժիմի գրավատուն է և շուտով կհայտնվի ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում», — գրել է Ուիլսոնը։

Մինչ այդ Կոբախիձեն, որ հրավիրված չէր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, X-ում գրել էր.

«Իմ անկեղծ շնորհավորանքները նախագահ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը պետք է նպաստի գլոբալ խաղաղությանը և ամրապնդի վրաց-ամերիկյան հարաբերությունները։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն այս կարևոր ճանապարհին»։

Նշենք, որ երեկ` հունվարի 20-ին, կայացավ Թրամփի երդմնակալությունը, որին «Վրացական երազանք»-ը հրավիրված չէր։ Հրավիրված էր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։