Վերջին օրերին Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը լքում են պատգամավորները, ինչի հետևանքով իշխող կուսակցությունը զրկվում է խորհրդարանում սահմանադրական մեծամասնության իրավունքից:
Իրավաբան, հանրային կառավարման դոկտոր Թամթա Մեգրելիշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում հիշեցնում է, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» ստացավ 115 մանդատ՝ դառնալով սահմանադրական մեծամասնությամբ խորհրդարանում քաղաքական ուժ (խորհրդարանում սահմանադրական մեծամասնության համար ընդհանուր՝ 150 մանդատից հարկավոր է ունենալ ¾-ը):
«Այս պայմաններում «Վրացական երազանքի» սահմանադրական մեծամասնությունը արտոնյալ դիրքում հայտնվեց․ նրանց իրավունք տրվեց փոխել Սահմանադրությունը, ձևավորել կառավարություն, հայտարարել անվստահություն, Սահմանադրական Դատարանի հաստատմամբ իմպիչմենտի մեխանիզմ կիրառել և այլն:
Գերագույն դատարանում դատավորների անժամկետ նշանակման հետ կապված իշխող թիմում անհամաձայնությունների պատճառով «Վրացական երազանքի» մի քանի անդամ լքեցին կուսակցությունը, ինչից հետո էլ, կուսակցությունը կորցրեց սահմանադրական մեծամասնության կարգավիճակը: Նաև, արդեն ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որով էլ սահմանվել է երկրի կառավարման խորհրդարանական մոդելը, ինչը, որևէ կուսակցության համար վերոնշյալ արտոնությունները որոշ չափով բացառում է», — ասում է Մեգրելիշվիլին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունն արդեն լքել է 5 պատգամավոր՝ Էկա Բեսելիան, Լևան Գոգիչաիշվիլին, Բեքա Նացվլիշվիլին, Գեդևան Փոփխաձեն և Գիա Ժորժոլիանին:
Քաղաքագետ, GIPA (Georgian Institute of Public Affairs) համալսարանի դասախոս Թորնիկե Շարաշանիձեն «Ալիք մեդիային» ասում է, որ Էկա Բեսելիան կուսակցության հիմնադիրներից էր և արդեն միայն նրա՝ կուսակցությունը լքելու փաստով կարող ենք կուսակցությունը լուծարված համարել։
«Սակայն, մյուս կողմից Իվանիշվիլիին այժմ միայն խորհրդարանական մեծամասնություն մնալն է հետաքրքրում, հետևաբար, այս ֆոնին կուսակցությունը չի լուծարվի։ Իվանիշվիլիին միայն խորհրդարանն է հետաքրքրում, մնացածը նրա համար կարևոր չէ: Սահմանադրական մեծամասնություն կորցնելն էլ նշանակալի դեր չունի «Վրացական երազանքի» համար», — ասում է քաղաքագետը:
Ըստ Շարաշանիձեի, ինչ-որ պետք է փոխեին Սահմանադրությունում, արդեն փոխել են, այժմ Իվանիշվիլիի և նրա թիմի համար մեծ նշանակություն չունի խորհրդարանի սահմանադրական մեծամասնությունը:
Խոսելով իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վարկանիշի մասին՝ քաղաքագետն ասում է. «Նա այսպես, թե այնպես ցածր վարկանիշ ունի: Իրականում, Բեսելիան, Փոփխաձեն կամ այլոք այս վարկանիշի համար ոչինչ չեն նշանակում: Իվանիշվիլիի վարկանիշն առանց այդ էլ ցածր է, իսկ ընտրություններում հաղթելու համար, նրան կօգնի միայն քվեաթերթիկներ կեղծելը, Միշայի վախի գործոնը և վախեցնելը: Եվ բնականաբար, առանց Փոփխաձեի կամ մեկ ուրիշի, այս ամենը միևնույնն է տեղի կունենա: Վրաստանում էլ, որպես ավանդություն կմնա ընտրությունների կեղծումն ու վախի մթնոլորտը»:
Իվանիշվիլիի վերադարձի հետ կապված, «Վրացական երազանքի» իրավիճակը հավասարակշռելու փորձերը դեռևս արատավոր են, սակայն քաղաքագետները չեն բացառում, որ ներկայիս գործընթացները կարող են լինել Իվանիշվիլիի սցենարի մի մասը:
Ըստ Շարաշանիձեի. «Իվանիշվիլիի համար կարևոր է մեծամասնության պահպանումը, ինչն էլ դեռևս նրան հաջողվում է. կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս փուլում օգտվել առիթից և Իվանիշվիլիին հավատարմության երդում տալ: Այսպիսիներ են հայտնվել, հենց դրանք էլ կազմում են խորհրդարանական մեծամասնություն»։
Թամթա Մեգրելիշվիլին կարծում է, որ այս զարգացումները մտահոգիչ չեն, ավելին՝ պարզապես քաղաքական բազմակարծություն է:
«Սա նշանակում է, որ այսօրվա քաղաքական ռեժիմը թույլ է տալիս բազմակարծություն, ինչն էլ ժողովրդավարության համար մեծ դեր ունի: Կարծում եմ, որ «Վրացական երազանքը» ունի մարդկային և մտավոր ռեսուրսներ, որոնք էլ թույլ չեն տա անդառնալի զարգացումներ», — ասում է Մեգրելիշվիլին: