Իվանիշվիլիի փախուստը օֆշորներից Վրաստան. փորձագետները՝ հետևանքների մասին

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին օգտվում է 2024-ի մայիսին ընդունած «Օֆշորային օրենք»-ից և արևմտյան հնարավոր պատժամիջոցների նոր ալիքի ֆոնին իր ակտիվները տեղափոխում է Վրաստան` երկիրը դարձնելով սեփական օֆշոր, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին վրաստանյան փորձագետները:

Նրանց խոսքով, Իվանիշվիլիի այս քայլը վտանգի տակ է դնում երկիրը։ Նրանք չեն բացառում, որ Արևմուտքը Իվանիշվիլիի կամ նրա ընտանիքի անդամների ահնատական պատժամիջոցներից անցում կկատարի հենց Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների: Սա, ըստ փորձագետների, վտանգի տակ կդնի ինչպես Վրաստանի տնտեսությունը, այնպես էլ՝ տարածաշրջանինը, մասնավորապես՝ հարևան Հայաստանինը, քանի որ Վրաստանը տարանցիկ երկիր է:

Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլիի խոսքով, Իվանիշվիլին, հավանաբար, պատժամիջոցներից վախենալով, որպեսզի իր ունեցվածքն ու հաշիվները չբռնագրավեն, ակտիվները տեղափոխում է Վրաստան: Ըստ տնտեսական հարցերով փորձագետի՝ երբ ​​որևէ երկրի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառվում, դա ակնհայտորեն վնասում է երկրի տնտեսությանը։ Նրա դիտարկմամբ, Իվանիշվիլին, հավանաբար, օգտվում է մայիսի վերջին ընդունված օֆշորային օրենքից:

«Ոչինչ չի բացառվում, թեև այս փուլում ավելի հավանական է անհատական ​​պատժամիջոցների ընդլայնումը, քան երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Էլիզբարաշվիլին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, Իվանիշվիլիի ընտանիքը սկսել է սեփական ընկերություններն օֆշորային գոտիներից տեղափոխել Վրաստան։ TI-ն գրել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը Իվանիշվիլին կնոջ Էկատերինա Խվեդելիձեի և որդու` Ուտա Իվանիշվիլիի հետ գրանցել է 4 նոր բաժնետիրական ընկերություն։

Ուշագրավ է, որ 2024-ի ապրիլի 19-ին իշխող «Վրացական երազանք»-ը տնտեսական օգուտներ ստանալու շարժառիթով արագացված կարգով փոփոխություն է կատարել «Հարկային օրենսգրքում», որով հարկային արտոնությունները կտարածվեն օֆշորային գոտիներից բիզնեսը Վրաստան տեղափոխելու վրա։ Այս օրենքի վրա դրված վետոն «Վրացական երազանք»-ը հաղթահարեց 2024-ի հունիսին:

Իշխող թիմի այդ որոշմանն ընդդիմացողները կարծում էին, որ օրենքը համապատասխանում է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Իվանիշվիլիի շահերին և կապված է պատժամիջոցների հնարավոր ավելացման հետ։ Ընդդիմությունը և որոշ վերլուծաբաններ նույնպես մտավախություն ունեին, որ «փողերի լվացման» ռիսկը մեծանում է օֆշորային ընկերություններում չգործող հարկերի պարագայում։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ Իվանիշվիլին սպասում է արևմտյան պատժամիջոցների նոր՝ ավելի մեծ ալիքի, որի պատճառով էլ իր ակտիվները տեղափոխում է Վրաստան: Ըստ փորձագետի՝ Իվանիշվիլին օգտվում է իրեն հարմարեցված «Օֆշորների օրենք»-ից: Վրաստանը դարձնում է օֆշոր, ինչը նշանակում է՝ հնարավոր են պատժամիջոցներ ոչ միայն Իվանիշվիլիի նկատմամբ, այլ նաև հենց Վրաստանի նկատմամբ:

Հատկանշական է, որ, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի 2021 թվականին պատրաստած ուսումնասիրության, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Իվանիշվիլին 20 օֆշորային ընկերությունների սեփականատեր է:

Թումասյանի դիտարկմամբ՝ սա լրջագույն տնտեսական վտանգ է ոչ միայն Վրաստանի, այլ նաև տարածաշրջանի համար, ինչու ոչ՝ հենց Հայաստանի համար, քանի որ Վրաստանը կարող է դառնալ պատժամիջոցներ կրող երկիր: Թումասյանն ասաց՝ Իվանիշվիլին հույս ունի, թե իր ակտիվները Վրաստան տեղափոխելով, պետությունը սեփականություն դարձնելով՝ կկարողանա պահպանել իր ունեցվածքը Վրաստանում և պահպանել Վրաստանն՝ ինչպես իր ունեցվածք: Փորձագետը չի բացառում, որ Վրաստանը կարող է դառնալ Ռուսաստանի օֆշորը:

«Միանշանակ վտանգ կա, որ Վրաստանը որպես օֆշոր կօգտագործվի նաև Իվանիշվիլիի շրջապատի կողմից: Ուսումնասիրելով Իվանիշվիլիի դեմ կիրառված ԱՄՆ-ի պատժամիջոցների փաստաթուղթը` կնկատենք, որ նա պատժամիջոցների է ենթարկվել հօգուտ Ռուսաստանի շահերի սպասարկման, Ռուսաստանի գործակալ լինելու պատճառով», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Թումասյանը:

2025 թվականի հունվարին օլիգարխ Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո Վրաստան է ներկրվել 514 մլն 478 հազար 700 դոլար արժողությամբ նկարներ, քանդակներ և արձանիկներ։ Դրանց մեծ մասը ներկրվում է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Վիրջինյան կղզիներից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկարների և գծանկարների ներմուծման ցուցանիշն աճել է 2 մլն անգամ, իսկ քանդակներինն ու արձանիկներինը՝ 75,4 հազար անգամ։

Ըստ մեդիայում շրջող լուրերի, հնարավոր է, որ նշված թանկարժեք գույքը պատկանում է Իվանիշվիլիին։ «Վրացական երազանք»-ից հաստատող կամ հերքող հայտարարություն չեն արել:

Իվանիշվիլին ակտիվները տուն է տեղափոխում. հետաքննող լրագրողներ