Իվանիշվիլիի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն. փորձագետներ

Եվրախորհրդարանում հունվարի 21-ին Վրաստանի վերաբերյալ բանավեճից հետո վրացի փորձագիտական շրջանակներն ասում են՝ պատժամիջոցներ կլինեն «Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի դեմ:

«Վրացական երազանք»-ի 2015-2016 թվականների պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Իվանիշվիլիի կուսակցության հասցեին արած սուր քննադատությունը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ Եվրահանձնաժողովի նոր կազմը կենտրոնացած է Վրաստանի վրա, տեսել է քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Եվրահանձնաժողովի նոր կազմն իր գործունեությունը սկսել է միայն դեկտեմբերի 1-ին։ Շատ կարևոր է, որ այս առաջին փուլում լինի հիշեցում, կրկին խնդրի վերսկսում, հրահանգ ու կոչ, որ պետք է արագ քայլեր ձեռնարկվեն, Վրաստանի վերաբերյալ որոշումներ կայացվեն և նոր ընտրություններ պետք է նշանակվեն», — TV Pirveli լրատվամիջոցին ասել է Խիդաշելին։

«Ռազմավարական վերլուծությունների կենտրոն»-ի հիմնադիր Գիորգի Ռուխաձեն ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել՝ Իվանիշվիլիի և նրա ռեժիմի պատժամիջոցները, ինչպես նաև նրա իշխանության չճանաչումը կարևոր են։

«Պարզ է, որ եվրոպական քաղաքական սպեկտրի զգալի մասը Վրաստանի հետ կապված պահանջում է պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի, նրա ռեժիմի նկատմամբ, նոր ընտրություններ և չճանաչել այս ռեժիմը։ Թե որքան շուտ դա կվերածվի Եվրոպական խորհրդի կամ Եվրահանձնաժողովի որոշումների, կախված կլինի նրանից, թե որքանով այդ մարմինները կարող են համաձայնության գալ», — ասել է Ռուխաձեն:

«Ռոնդելի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլիի կարծիքով, Իվանիշվիլիի և նրա թիմի անդամների նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն։ Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ին քաղաքական այս ծուղակից խուսափելու շանս չի մնացել:

«Ո՛չ Իվանիշվիլին, ո՛չ նրա ռեժիմի ներկայացուցիչները որևէ հնարավորություն չունեն ազատվելու այս ճնշումից և քաղաքական կողպեքից», — այսպիսի տեսակետ է հայտնել Պետրիաշվիլին։

Սկզբնաղբյուրը՝ tvpirveli.ge:

Եվրախորհրդարանը քննարկել է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը