Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադառնալով երկրի քաղաքական կյանքին «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հնարավոր միջամտության մասին լուրերին, ասել է, որ որևէ ապացույց չունի․
«Որևէ ապացույց չունեմ, որ նա թելադրում է իր դիրքորոշումը։ Ինձ հարցնում են (երկիրը կուլիսների հետևից Իվանիշվիլիի կողմից կառավարելու մասին, խմբ․), իմ պատասխանն է՝ ես չեմ տեսնում միջամտության նշաններ։ Բազմիցս ասել եմ, որ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ լինելու եմ անկախ, որևէ մեկը չի միջամտելու նախագահի գործունեությանը, իսկապես մինչ օրս միջամտություն չի եղել»։
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի «ապաօլիգարխացում» ձևակերպմանը՝ նախագահն ասել է, որ դրանում չի նշվում Իվանիշվիլիի անունը․
«Զուգահեռ, երբ մեծամասնությունն («Վրացական երազանքը») ասում է, թե Շվեյցարիայում Իվանիշվիլիի հետ կապված գործընթացը պատժամիջոցների մաս է, կամ, երբ վարչապետը Իվանիշվիլիի հարցով նամակ է ուղարկում Եվրահանձնաժողով, ապարդյուն աղմուկ է։ Նրանք պետք է այդ հարցը լուծեին անաղմուկ, բանակցությունների ճանապարհով»։
Ապաօլիգարխացումը Եվրամիության կողմից Վրաստանին տրված հեռանկարը ԵՄ անդամ թեկնածությամբ փոխարինելու կարևորագույն պահանջներն մեկն է: Այն եվրոպացի գործիչների մի մասը, ինչպես նաև երկրի ընդդիմադիր ուժերը կապում են Վրաստանի ամենահարուստ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Իվանիշվիլին մեկ տարի առաջ հայտարարել էր, որ լքում է կուսակցության նախագահի պաշտոնը՝ ընդմիշտ հեռանալով քաղաքականությունից։