
«Համաներդրումների հիմնադրամ»-ի նախկին ղեկավար և Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլին, որի հարաբերությունները վերջին տարիներին սրվել էին Իվանիշվիլիի հետ` ընդհուպ մինչև դատարան, պնդել է, որ երկիրը լքում է հարկադրված։
«Հայտնում եմ, որ մեծ տխրությամբ և անարդարության զգացումով Վրաստանից հարկադրված հեռանում եմ», — Facebook-ում գրել է Բաչիաշվիլին:
Բաչիաշվիլիին 2023 թվականի հուլիսից արգելել էին լքել երկիրը և հատել Վրաստանի սահմանը, իսկ նրա անձնագիրն առգրավվել էր։
Առայժմ հայտնի չէ, թե Բաչիաշվիլին ուր է գնացել և ինչ երթուղով։ «Ազատություն» ռադիոկայանին գործարարն ասել է, որ այս փուլում ձեռնպահ կմնա հետագա մեկնաբանություններից կամ տեղեկատվության տրամադրումից։
Բաչիաշվիլին գրել է, որ ստացել է «արժանահավատ տեղեկություն» իր անվտանգությանը սպառնացող «իրական սպառնալիքների» մասին, որոնք, ըստ նրա, «կարող են մահացու հետևանքներ ունենալ այսօրվա Վրաստանում»։
«Բանտում ես լիովին անպաշտպան կլինեի Իվանիշվիլիի դահիճների առջև… այն բանտում, որտեղ Իվանիշվիլին ինձ խոշտանգել էր: Չնայած այն հանգամանքին, որ Իվանիշվիլիի հանցավոր ծրագիրը ինձ հայտնի էր ի սկզբանե, ես, այնուամենայնիվ, ռիսկի դիմեցի և մինչև վերջ մերկացրի նրա իրական դեմքը: Իվանիշվիլիի ռեժիմն ամբողջությամբ հեռացել է օրենքի և ժողովրդավարության սկզբունքներից, հետևաբար՝ իմ հեռանալը նահանջ չէ, այլ միակ ողջամիտ լուծումը», — գրել է Բաչիաշվիլին։
Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկու գործով՝ «կրիպտոարժույթի յուրացման» և «Մտկվարի ՀԷԿ»-ի գործով. երկու դեպքում էլ Բիձինա Իվանիշվիլին է ներգրավված։
Բաչիաշվիլիի դեմ առաջին գործը հարուցվել է 2023 թվականին՝ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության հիման վրա։ Դատախազությունը, հիմնվելով Իվանիշվիլիի հայտարարության վրա, Բաչիաշվիլիին մեղադրում է 39 մլն 215 հազար 820 ԱՄՆ դոլար արժողությամբ բիթքոյն յուրացնելու համար։ 2023 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան պարտավորեցրել է 2,5 մլն լարի գրավ վճարել։
«Մտկվարի ՀԷԿ»-ի գործով, որն ի սկզբանե եղել է գործի մաս, գործարարին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի փետրվարի 25-ին, և այս դեպքում նույնպես գրավ է սահմանվել՝ այս անգամ 50 հազար լարիի չափով։